ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԺԻԼԵՏԸ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ

25.05.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԺԻԼԵՏԸ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ

Եվ այսպես, Նիկոլ  Փաշինյանի կառավարությունն առաջին անգամ այցելեց խորհրդարան` պատասխանելու պատգամավորների հարցերին: Ճիշտ է, ՀՀԿ խմբակցությունը նախարարներին առանձնապես չնեղեց, սակայն նրանք էլ իրենք իրենց նեղություն չտվեցին եւ ավելին, դահլիճից դուրս եկան այլ մուտքից, որպեսզի լրագրողների հետ չառնչվեն: Առաջադիմում են` ինչքան ավելի հարմարվում են իրենց տեղին, այնքան քիչ են հարկ համարում` իրենց ժողովրդավարի տեղ դնելու:

ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈԱԼԻՑԻՈՆ ԾՈՒՂԱԿՆԵՐԸ

 

ԴԻԿՏԱՏՈՐԱԿԱՆ ՀԱԿՈՒՄՆԵՐ

Այնպես է ստացվել, որ նախկին վարչապետ, իսկ այնուհետ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը հանրության կողմից լայնորեն ճանաչվել է իր հռչակավոր ժիլետի շնորհիվ: Իսկ առաջին անգամ ԱԺ, որպես առաջին փոխվարչապետ ներկայացած Արարատ Միրզոյանը նույնպես եկել էր ժիլետով, սակայն ժիլետի նկատմամբ լրագրողների հետաքրքրասիրությանը ջղագրգիռ էր արձագանքել: Ու եթե Կարեն Կարապետյանին ո՛չ պաշտոնը եւ ո՛չ էլ ժիլետը չէին մղում գոռոզամտության եւ կոպտության, ինչպես քաղաքացիների, այնպես էլ լրագրողների նկատմամբ, ապա Արարատ Միրզոյանի վրա այնքան էլ լավ չի եկել ո՛չ պաշտոնը, ո՛չ էլ ժիլետը:  Դեռ օրեր առաջ կառավարության շենքի մոտ նա քաղաքացիներին ասել էր, որ վարչապետ Փաշինյանն առնվազն առաջին մեկ ամսվա ընթացքում իրենց չի կարող ընդունել, իսկ ԱԺ-ում էլ խուսափեց լրագրողների հարցերից, այն էլ` բավականին անբարյացակամ, թեեւ պատգամավորի կարգավիճակում մի բան էլ ուրախանում էր, երբ իրեն հարցեր էին ուղղում: Իսկ հիմա առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ով ժամանակին Նիկոլ Փաշինյանի հետ միասին Սերժ Սարգսյանին մեղադրում էր Սահմանադրությամբ չնախատեսված առաջին փոխվարչապետի պաշտոն ստեղծելու մեջ, նաեւ բավականին ջղագրգիռ արձագանքեց լրագրողների այն դիտարկմանը, թե ուր է դեմոկրատիան` «դեմոկրատիա չկա»: Այսպիսով, նախկին եւ ներկա առաջին փոխվարչապետները, ընդհանրություն ունենալով ժիլետ կրելու շնորհիվ, մնացյալ հարցերում ընդհանրություն չունեն: Եվ նման է, որ ինչպես պարոն Միրզոյանի, այնպես էլ այլոց մոտ գնալով շատանում է գոռոզամտությունը: Դե, թավշակրոն են, ինչ ասես...

Ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ էլ բավականին հետաքրքիր պատկերացումներ են ժողովրդավարության մասին: Նա կրկին կոչ հնչեցրեց քաղաքացիներին` դադարեցնել բոլոր տեսակի բողոքի ակցիաները, քանզի դրանք, իբր թե, ժողովրդի վստահությունը վայելող իշխանության պայմաններում նշանակում են բողոքել ինքդ քո դեմ: Իսկ անհնազանդությունն ու բողոքը շարունակելը պարոն Փաշինյանը դիտարկում է որպես սաբոտաժ: Նրա համախոհներն էլ ավելի հեռուն են գնում եւ ցույց, երթ կամ հանրահավաք անող քաղաքացիներին արդեն սկսել են պիտակել «ժողովրդի թշնամի»: Եվ փույթ չէ, որ Սահմանադրությունը եւ օրենքները երաշխավորում են քաղաքացիների խաղաղ, առանց զենքի հավաքների իրավունքը: Սահմանադրական այդ նորմը դրվում է մի կողմ, եւ վերակենդանացվում են 1937 թվականի ստալինյան տերմինները: Ի դեպ, նման է, որ ոչ միայն ցույցերի մասով է Սահմանադրությունը խանգարում նոր վարչակարգին: Հիմա էլ աստիճանաբար շրջանառության մեջ է դրվում այն թեզը, որ պետք է փոփոխություն մտցնել Սահմանադրության մեջ եւ ընդլայնել ՀՀ նախագահի լիազորությունները: Բայց չէ՞ որ ԱԺ-ում կոնսենսուսի հիման վրա ընտրված ժպտերես Արմեն Սարգսյանը ընտրվել էր հենց ներկայիս լիազորություններով, ինչը չէր ենթադրում, որ ընտրությունից հետո արդեն պետք է լիազորությունների ծավալ փոխվի: Եվ եթե ռեալ կյանքում առայժմ ոչ ոք չի բռնանում ազատորեն քննադատական խոսք հնչեցնելու կամ ցույցեր անելու` ՀՀ քաղաքացիների իրավունքի վրա, սակայն համացանցում այդ իրավունքից գրեթե ոչինչ չի մնացել: Ժամանակին շատ-շատերը դաժան քննադատության եւ ծաղրի առարկա էին դարձնում «Հայլուրի Հայաստանը»` նկատի ունենալով ամեն ինչ բացառապես վարդագույն ակնոցով ներկայացնելու ոճը: Բայց հիմա ֆեյսբուքյան Հայաստանի համեմատ, «Հայլուրի Հայաստանը» լավ էլ օբյեկտիվության նմուշ է թվում, քանզի համացանցի հայկական հատվածը, բառիս բուն իմաստով, վերածվել է էլեկտրոնային համակենտրոնացման ճամբարի: Սերժ Սարգսյանի իշխանավարության օրոք նույն Ֆեյսբուքում մեր հայրենակիցները բացարձակ ազատորեն քննադատում էին ցանկացած իշխանավորի` Սերժ Սարգսյանով սկսած, այդ ազատությունը հաճախ նույնիսկ սանձարձակության էր հասնում` վիրավորանքի, հայհոյանքի եւ անգամ սպանության կոչերի տեսքով, ու քաղաքացիներին դրա համար ոչ ոք չէր հետապնդում: Իսկ հիմա բավական է, որպեսզի փոքրագույն  իսկ կասկած հայտնվի «ֆյուրերի» անսխալականության վերաբերյալ, որպեսզի կողքից միանգամից հայտնվեն կատաղած կեղծ օգտատերերը իրենց հայհոյանքներով եւ սպառնալիքներով: Այդ ֆեյքերի փոքրիկ ջոկատները իրենց  ագրեսիվ ակտիվության շնորհիվ ստեղծում են գերիշխող կարծիքի տպավորություն, ու արդյունքում համացանցում ձեւավորվել է վախի մթնոլորտ, եւ մեր հայրենակիցները վախենում են այդտեղ կարծիք հայտնել ճիշտ այնպես, ինչպես վախենում էին դա անել որեւէ հանրային վայրում Ստալինի իշխանության տարիներին: Ու թեեւ, ի տարբերություն ստալինյան տարիների, վտանգը վիրտուալ է, այլ ոչ թե իրական, իսկ ինքը` վարչապետը, թեեւ դիկտատորի հակումներ է դրսեւորում, ավելի շուտ նման է դիկտատորի տնազի, քան իրական դիկտատորի, միեւնույնն է, մարդիկ վախենում են: Ու վախենում են ոչ միայն շարքային քաղաքացիները, այլեւ լրատվական կայքերի բովանդակությունը ձեւավորող մեր գործընկեր լրագրողները: Կայքերում էլ քննադատությունը էապես պակասել է, խնդրահարույց եւ պայթյունավտանգ լուրերն էլ  խցկած են կայքերի երրորդական-չորրորդական անկյունները:  Բայց նման է, որ «ազատ եւ հպարտ քաղաքացիները» շատ արագ համակերպվել են անքննադատելի «Ժողովրդի հայրիկ» ունենալու իրողության հետ: Դե, իսկ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն էլ, ում վերապահված է կարեւոր դեր ՔՊ կուսակցության ընդլայնման գործում, իր առանձնասենյակից հորդորում է ուսուցիչներին` դուրս գալ ՀՀԿ շարքերից: Իսկ բուհերի ռեկտորներին փորձում են ՀՀԿ շարքերը լքելը պարտադրել ճնշումներով եւ շանտաժով, բայց ի պատիվ ռեկտորների` դեռեւս ոչ ոք չի շտապում անսալ նախարարի «կամավոր-պարտադիր» հորդորներին:

«ՍԵՐՆ ՈՒ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ» ԱՎԱՐՏՎԵՑ, ՄՈՌԱՑԵՔ

 

ԱՐՏԱՀԵՐԹ ԿԱՄ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Նույն Արմեն Աշոտյանը հայտարարում է, որ ՀՀԿ-ի օրակարգում արտահերթ ընտրությունների հարց` որպես այդպիսին, չկա, ու թեեւ վարչապետն  ու նախագահը այդ թեմայով խոսում են, ՀՀԿ-ն դա դիտարկում է ոչ թե որպես իրական օրակարգ, այլ քաղաքական բազմակարծության տարր: Միաժամանակ Աշոտյանն ընդգծում է, որ ԱԺ մեծամասնություն ՀՀԿ խմբակցության դերը կարող է շատ դրական լինել` գործադիր իշխանության արդյունավետությունը բարձրացնելու տեսակետից: Իսկ այժմ` ուժերի դասավորության մասին: Ո՛չ ԲՀԿ-ն, ո՛չ ՀՅԴ-ն չեն շտապում «Ելք» դաշինքի հետ կիսել քաղաքական պատասխանատվությունը կառավարության գործունեության համար: Դա հատկապես ցայտուն է ԲՀԿ-ի պարագայում, որի փոխգործակցությունը Փաշինյանի թիմի հետ ավելի շուտ նմանվում է «կոճակասեղմում պաշտոնների դիմաց» գործարքի: Գագիկ Ծառուկյանի գլխավորած այդ օլիգարխիկ կուսակցությունը, ունենալով փոխվարչապետի եւ չորս նախարարների աթոռներ եւ հավակնելով նաեւ մարզպետական աթոռների, թավշյա հեղափոխություն իրականացրած Փաշինյանին գերադասում է այդպիսի հզոր լծակների դիմաց վճարել ընդամենը ԱԺ քվեարկություններով, բայց ոչ պատասխանատվության ստանձնումով: Ու նման է, որ առաջիկայում կենացները էլ ավելի քաղցրանալու են, քանզի Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ իրենք մասնակցելու են ընտրություններին` բացարձակ մեծամասնություն ստանալու հավակնությամբ: Ըստ էության, երկու օլիգարխների` դրսում գտնվող Սորոսի եւ ներսում գտնվող Ծառուկյանի փաստացի կոալիցիայի արգասիք կառավարությունը, թեեւ իր առաջնորդով հանդերձ այժմ ունի բարձր վարկանիշ, բայց այդ վարկանիշը գնալով պակասելու է, քանզի էյֆորիան եւ անհատի պաշտամունքը ժամանակի ընթացքում նվազելու հատկություն  ունեն, նամանավանդ Հայաստանի պայմաններում: Իսկ այդ արդեն իսկ ուրվագծվող կատաղի մրցակցությանը ի՞նչ ունի Նիկոլ Փաշինյանը հակադրելու Գագիկ Ծառուկյանին: Ֆինանսների տեսակետից ինչ-որ բան կարող է հակադրվել, եթե միայն «քեռի Սորոսը» անսպասելիորեն առատաձեռն գտնվի: Զանգվածի տեսակետից էլ, նույն քաղաքացիական անհնազանդության ակցիայի դինամիկայից երեւում էր, որ զանգվածն էլ գրեթե կրիտիկապես քանակական առումով կախում  ուներ Ծառուկյանի բարի կամքից: Դրա դիմաց, թերեւս, կառավարության փաշինյանական կորիզը ճնշման լծակ ունի, ի դեմս` ուժային կառույցների: Թերեւս հենց դրանով է պայմանավորված, որ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը խոսում է 350 հարկ չվճարողների ցուցակի մասին, ու արդեն հայտնի է, որ բերման ենթարկվածներ կան, վարչապետն էլ ստուգող մարմիններն ուղղորդում է դեպի հանքերը: Բոլշեւիկի վառվռուն աչքերով Դավիթ Սանասարյանն էլ, թերեւս, վերահսկողական արտակարգ լիազորություններ է ստացել հենց այդ ճնշումներն իրականացնելու նպատակով: Բայց մյուս կողմից էլ, Փաշինյանի վարչակարգը վերահսկողություն չունի ՀՀԿ-ի իշխանավարության օրոք ձեւավորված դատախազական եւ դատական համակարգերի հանդեպ: Իսկ ինչ վերաբերում է խորհրդարանում ունեցած քվեներին, ապա եթե ծառուկյանականները սկսեն քվե չտալ, Փաշինյանի վարչակարգը հնարավորություն ունի գնալ ՀՀԿ-ի դուռը եւ խնդրել պակասող քվեները: Ճիշտ է, փողոցային ակցիաների միջոցով ճնշման հնարավորությունները պակասել են, սակայն աղանդախառը թափթփուկներից կազմված «պատժիչ ջոկատների» այցից ՀՀԿ պատգամավորները երաշխավորված չեն, թեեւ, եթե այդ ջոկատների հետ կոպիտ վարվեն, կարծես թե, ոչ ոք առանձնապես տեր չի լինի... Բայց, ամենայն հավանականությամբ, եթե Փաշինյանը դիմի, ՀՀԿ-ն չի մերժի օգնություն տրամադրելու` իր խմբակցության քվեների տեսքով, քանզի դրանով «Ելքը» ու ընդհանրապես թավշակրոնների ամբողջ թիմը կախվածության մեջ են ընկնում ԱԺ մեծամասնություն ՀՀԿ-ից: Գագիկ Ծառուկյանի թիմին լսելու հարցում թավշակրոնները չեն կարող յոլա գնալ առանց ՀՀԿ-ի աջակցության: Մյուս կողմից էլ, եթե «ժողովրդական օլիգարխ» Գագիկ Ծառուկյանին պահանջվի չեզոքացնել թավշակրոններին, նա դա չի կարող անել միայնակ եւ կրկին կարիք կունենա հայցելու ՀՀԿ-ի աջակցությունը:

ԲՈԼՇԵՎԻԶՄԸ ՈՐՊԵՍ ՊՐՈԲԼԵՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈ՞Ց

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА