ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հաղթանակ, որը կարելի է պարտություն համարել

24.09.2018 01:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Հաղթանակ, որը կարելի է պարտություն համարել

Երեւանի ավագանու գերքաղաքականացված ու խիստ բեւեռականացված ընտրություններում, ինչպես արդեն կարելի էր գուշակել, ձայների ավելի քան 82 տոկոսը շահելով հաղթել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը վայելող «Իմ քայլը» դաշինքը: «Իմ քայլը» դաշինքին մեծ տարբերությամբ հաջորդում է ԲՀԿ-ն: Այս մասին նշում է քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ եւ մանրամասնում. «Թվում է Երեւանի ավագանու ընտրություններում արձանագրած հաղթանակի համար պիտի շնորհավորել «Իմ Քայլը» դաշինքին ու նրան աջակցող ՀՀ վարչապետին: Սակայն այս հաղթանակը խորքում չափազանց մեծ ու ջաջախիչ պարտություն է համարվում Նիկոլ Փաշինյանի համար: «Իմ Քայլը» դաշինքը ձայների շուրջ 80 տոկոսով գերազանցության է հասել մի ընտրության ընթացքում, որին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 848 343 քաղաքացիների միայն 370 323-ը կամ շուրջ 43 տոկոսը: Արդյունքների նույն պատկերը պահպանվելով կնշանակի ՀՀ վարչապետի հովանավորած դաշինքն այս պահին վայելում է Երեւանի ընտրելու իրավունք ունեցող շուրջ 850 հազար քաղաքացիների միայն շուրջ 300 հազարի աջակցությունը»:

«Շտապե՛ք ընտրությունների, այլապես ձեր վարկանիշից մի քանի ամիս հետո ոչինչ էլ չի մնա»

Քաղաքագետը հիշեցնում է, որ ընդամենն օրեր առաջ ՀՀ վարչապետը քարոզարշավի ժամանակ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներն արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ քաղաքական կուսակցությունների հետ բանակցելու համար իր մանդատն էր համարում. «Արձանագրված արդյունքը նկատի առնելով՝ կարելի է հստակ արձանագրել, որ ժողովուրդը նման մանդատով չի օժտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Բացի այդ, ՀՀ վարչապետի կողմից ընտրությունների անհարկի գերքաղաքականացումն ու բեւեռականացումը նկատի առնելով ընտրություններում արձանգրված արդյունքները նրան զրկելու են խորհրդարանում ոչ միայն ՀՀԿ-ից հետո ամենաշատ մանդատներն ունեցող «Ծառուկյան» դաշինքի, այլ նաեւ ՀՅԴ-ի եւ նույնիսկ «Ելք» դաշինքի մյուս անդամների՝ «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների աջակցությունից»:

Ըստ Ռ. Մարգարյանի, սա լուրջ կասկածի տակ է առնելու ոչ միայն արտահերթ ընտրությունների հարցը, այլ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի վարչապետության շարունակվելը՝ խիստ սահմանափակելով ցանկացած հարցում ժողովրդի անունից հանդես գալու նրա ձգտումը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА