o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԼՌԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԽՈՍԵԼ

08.10.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԼՌԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԽՈՍԵԼ

Եվ այսպես, կատարվում են ամենամռայլ կանխատեսումները, որ դատական իշխանության դեմ թավշիստների գրոհին հաջորդելու է լրատվամիջոցների դեմ բռնատիրական արշավը: Ընդ որում, եթե ժամանակին լրատվամիջոցի վրա հարձակվածներին իրավապահները ապաշնորհաբար կամ միտումնավոր «չէին կարողանում» գտնել, ապա հիմա «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակվածները եկել էին բացահայտ, սեփական անուններով, դեռ մի բան էլ հարցազրույց էին տվել իրենց «սխրանքի» մասին:

ԻՆՉԻ ԾԽԱԾԱԾԿՈՒՅԹՆ ԵՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՔԱՅԼՈՆԵՐԻ «ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ»

 

«ԵՐԿՈՒՍԸ ՄԵԿՈՒՄ». Ե՛Վ ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ, Ե՛Վ ՄԱՄՈՒԼԻ ԴԵՄ

Թավշիստ բանդիտները, ովքեր բոլորն էլ նույնականացվել են որպես Նիկոլի աջակիցներ եւ թիմակիցներ ու երեւացել են այլ հակաօրինական եւ հակասահմանադրական նախաձեռնությունների ընթացքում, այդ թվում նաեւ «Բակո Սահակյանի գլուխը ջարդող» հրոսակի կազմում, որպես պատրվակ վերցրել էին «Հայելի» կայքէջի հրապարակումը` ԶԼՄ-ին վերագրելով Ալիեւին Նիկոլի հաշվին գովաբանելու փորձ, թեեւ բավական է կարդալ այդ նյութը, համոզվելու համար, որ դա ծաղր էր մազութային սուլթանի վերաբերյալ: Բայց ամենաուշագրավն այն է, որ նրանք ուղղակիորեն խոստովանել են` ուզում են, որ այդ կայքն ու մամուլի ակումբը փակվեն, քանի որ այդ ԶԼՄ-ի ղեկավարը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հարազատ քույրն է: Ինքը` Անժելա Թովմասյանը, վստահ է, որ դա կազմակերպված է իշխանության կողմից եւ իշխանության հովանավորությամբ: Նրա խոսքով` սա լրատվամիջոցին ճնշելու պարզ փորձ էր, որ սկսվել է օրեր առաջ` նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության վերաբերյալ Hayeli.am-ում եղած հրապարակումից հետո: «Դրանից հետո վայնասուն եւ թիրախավորում եղավ անձամբ իմ նկատմամբ»,- ասաց նա: Նա նաեւ ասաց. «Խորհուրդ կտամ` ընդհանրապես գնան, հետեւեն իրենց թիմի առաջնորդի, առաջին դեմքի հայտարարություններին, հատկապես` Արցախի մասին անպատասխանատու հայտարարություններին»: Եվ իրոք, ինչու չէին գնում «ձվահարելու» կառավարության շենքը, երբ Նիկոլը իր «վերելակի ընկեր» Ալիեւին որակում էր «կիրթ մարդ», կամ հնչեցնում էր այն, մեղմ ասած, ազգավնաս բանաձեւը, թե Արցախի հարցի լուծումը պետք է գոհացնի նաեւ ադրբեջանցի ժողովրդին: Համ էլ, երեւի թե, Փաշինյանների ընտանիքի սեփականություն «Հայկական ժամանակի» տեղը չգիտեն, որ ադրբեջանամետ եւ ադրբեջանական ԶԼՄ-ներից արտատպած նյութերի քանակով ռեկորդակիր է: Ինչեւէ, նաեւ զավեշտ է հնչում, թե ինչպես էին իրենց դուր չեկող հարցեր տվող ապրիլյան պատերազմի մասնակից լրագրողին ասում, թե այդպիսի հարց տվողը դժվար թե գնա երկրի համար զենք վերցնի: Դե ինչ, թերուս դեզերտիրի գլխավորած եւ առավելապես բանակից փախածներից բաղկացած թավշիստ-գենդերիստ իշխանության կամակատարներից ցինիկ լկտիությունը միանգամայն սպասելի է: Բայց փաստ է, որ չեն էլ թաքցրել նաեւ իրենց տերերի պատվերը` ճնշում գործադրել Հրայր Թովմասյանի ընտանիքի նկատմամբ:

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ

 

ԴԵՊԻ «ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ»

Պետական կառույցներից առաջինը արձագանքեց օմբուդսմեն Արման Թաթոյանը. «Լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ ոտնձգությունը մասնագիտական գործունեության կապակցությամբ վտանգում է խոսքի ազատությունն ու այլակարծությունը: Դա անթույլատրելի է»: «Պետք է անհապաղ գործադրվեն օրենքով նախատեսված միջոցները Hayeli.am-ի հետ տեղի ունեցածի առնչությամբ` բացառելու համար որեւէ նման դեպքի կրկնություն»,- ասված է Թաթոյանի հայտարարության մեջ: Ի զարմանս մեզ, նորմալ արձագանքեց եւ պատանի արդարադատության նախարարը, ում երեւի թե չէին հասցրել «ինստրուկտաժ» անել. «Լրատվամիջոցների դեմ ոտնձգությունը սպառնալիք է մեր ժողովրդավար երկրի մամուլի ազատության դեմ: Հայաստանում խոսքի ազատությունն այլընտրանք չունի, եւ յուրաքանչյուր նման դեպքի պետք է տրվի համարժեք իրավական գնահատական»: Բայց, ինչպես ասվում է, ոչ մի բարի գործ անպատիժ չի մնում` հարձակման մասնակից թափթփուկները Ֆեյսբուքում սկսեցին հենց տեղում հակաճառել Ռուստամ Բադասյանին: Իսկ փաստաբան Լեւոն Բաղդասարյանն էլ միանգամից մատնանշեց երեւույթի երկակի բնույթը` հիշեցնելով, որ դա «փողոցային արդարադատության» տիպիկ դեպք է. «Երբ իրավապաշտպանները  կոնկրետ փաստերով բարձրաձայնում էին փողոցային արդարադատության անթույլատրելիության եւ դրա վտանգավոր հետեւանքների մասին, չտրվեց ոչ իրավական, ոչ էլ քաղաքական գնահատական: Այսօր հերթական փողոցային արդարադատությունն իրականացվեց չորրորդ իշխանության նկատմամբ: Եվ կարեւոր չէ, թե դա «Հայելի» ակումբն է, թե «Հայկական ժամանակը» կամ այլ լրատվամիջոց: Լավ է ուշ, քան` ուշացած: Պետք է տրվի միջադեպի ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական օբյեկտիվ գնահատականը, որպեսզի յուրաքանչյուր ոք իր գիտեցածով փողոցային արդարադատություն իրականացնելու անգամ մտադրություն չունենա»:

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄԱՏՆՈՑԱԽԱՂԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ոստիկանությունը ի վերջո բարեհաճեց քրգործ հարուցել, բայց այնպիսի հոդվածով, որ այդ երիտասարդներին առավելագույնս սպառնում է մի թեթեւ տուգանք: Դե, այդ ամենը այն ֆոնի վրա, որ դատավոր Դանիբեկյանին Նիկոլ Փաշինյանին ցիտելով հարց տված երկու երիտասարդներին գիշերով ցուցադրաբար կալանավորեցին` ամբոխին նետելով նաեւ թատերականացված տեսանյութը, ուր կալանավորումն իրականացվում է այնպես, կարծես հույժ վտանգավոր հանցագործ  են բռնել: Անշուշտ, այդ ամենը հույժ վտանգավոր է, քանզի Թոմաս Ջեֆերսոնն իրավացի էր, երբ ասում էր, որ մամուլը ավելի կարեւոր հիմնասյուն է, քան կառավարությունը: Բայց առավել վտանգավոր են նրանք, ովքեր այդ երիտասարդ հանցագործներին խրախուսում են, հրապարակավ ողջունում են, անգամ Ֆեյսբուքում հայտնվեցին, կներեք, նրանց «պլորները պաչող» իգական սեռի ներկայացուցիչներ... Վտանգավոր է, որովհետեւ ամբոխի աղաղակների ներքո խոսքի, կարծիքի եւ մամուլի ազատության ոչնչացումը արդյունքում ազատությունից կզրկի բոլորին, այդ թվում եւ ողջունողներին: Իսկ խոսքի եւ մամուլի ազատության փաստացի սահմանափակման կոչ անող լրագրողները` Պետրոս Ղազարյանը, Արամ Աբրահամյանն ու  Նվեր Մնացականյանը այլ բան, բացի նողկանքից չեն առաջացնում:

ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՑԵԽՈՏ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Ընդդիմադիր քաղաքական գործիչները, փորձագետները, բլոգերները, պարզապես սեփական միտք ունեցող քաղաքացիները նկատել են, որ Նիկոլը կրկնում է հայտնի դիկտատորների, զորօրինակ` կարմիր դիկտատոր դարձած թերուս տերտերի արտաքին ատրիբուտները: Այսպես, թեեւ սահմանամերձ Տավուշի մարզում զոհված զինծառայող ունենք ու վիրավոր քաղաքացիական անձինք, նույն Նիկոլը հրճվում էր իր գրքով գրված պիեսի բեմադրությամբ: Նաեւ նկատվում է հակումը` մոգոնել կարգախոսներ, որոնք պետք է զարդարեն փողոցներն ու մայրուղիները, ընդ որում` նրանք առաջին անգամ հայտնվում են «ժողվարչապետի» ֆեյսբուքյան էջում: Նա նաեւ հաճույքով իր էջում կիսվում է «պլինտուսից ցածր» մակարդակի այնպիսի իշխանամետ քարոզչական նյութերով, որ անգամ իր թիմակիցների մի մասը թաքուն ամոթից գետինն են մտնում: Բայց այդ արտաքին ատրիբուտները մի կողմ, ուշագրավ են քաղաքական օրակարգի նմանակումները: Որ ԼՀԿ-ն ամբողջովին իրեն դրսեւորել է գրպանային ընդդիմության դերում, դա վիճարկելի չի կարող լինել: ԱԺ-ում, որը մեր հայրենակիցները Ֆեյսբուքում ավելի ու ավելի հաճախ համեմատում են Ջորջ Օրուելի «Անասնաֆերմայի» հետ, զգուշավոր, բայց, այնուամենայնիվ, ընդդիմադիր կեցվածք դրսեւորեց միայն ԲՀԿ-ն, որը չմասնակցեց Հրայր Թովմասյանի պաշտոնանկության հարցով խայտառակ քվեարկությանը: Իսկ արդյունքները իրոք արժանի են Օրուելի անմահ գրքին` 98 կողմ, մեկ դեմ, 2 անվավեր: Անվավեր քվեաթերթիկների մասին էլ լուրեր են արտահոսել, որ 2 քվեաթերթիկի վրա պարզապես կեղտոտ հայհոյանքներ էին գրված ՍԴ նախագահի հասցեին, եւ այդ պատճառով դրանք անվավեր ճանաչվեցին, իսկ դեմ քվեաթերթիկի մասին չար լեզուներն ասում են, որ ճիշտ այնպես, ինչպես ԵԽԽՎ-ում սխալ կոճակ էր սեղմել, այստեղ էլ երեւի թե նույն Ռուբեն Ռուբինյանը քվեաթերթիկի վրա «սխալ» նշում է արել: Ինչեւէ, պարզ է, որ ժամանակի ընթացքում այդ այլանդակ քվեարկության մասնակիցները դատվելու են որպես պետական դավաճաններ: Իսկ Նիկոլի թավշիստական վարչախումբը այնպիսի հապճեպ քայլերով փորձում է գնալ դեպի բացահայտ բռնապետություն, եւ այնպես արագորեն է ինքը ոչնչացնում սեփական վարկանիշը, որ...

Իսկ հիմա գալիս է դիմակայության հերթական փուլը: Սահմանադրական դատարանը պետք է որոշի` բավարարո՞ւմ է թավշիստական ԱԺ-ի դիմումը, որը ճակատագրի հեգնանքով կոչվում է օրենք: Թե՞ չնայած բոլոր տեսակի ճնշումներին, կարողանալու է դա մերժել: Ինքը` ՍԴ նախագահը, տրամադրված է վճռական, եւ հրապարակավ իր դիրքը համեմատել է պատերազմական խրամատի հետ, բայց անհրաժեշտ է նաեւ ՍԴ մյուս դատավորների արիությունը եւ թավշիստական խաժամուժի ճնշումներին դիմագրավելու կամքը: Հիրավի, այսօր մամուլը կարող է ասել` մեր ազատությունը ձեր ազատությունն է: Ու քաղաքացիներից է կախված, թե վերնագրում որտեղ է դրվելու ստորակետը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА