Ինչո՞ւ են «Հայրենիքի փրկիչները» երկարաձգում իշխանության հոգեվարքը
Ներքաղաքական
Մինչ Հայրենիքի փրկության շարժման ակտիվը Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելով` Ամանորն էլ անցկացրեց Հանրապետության հրապարակում` վրանների տակ, վերջինս շարունակում է ոչ միայն պաշտոնավարել, այլեւ հակահայկական բանակցություններ վարել ու նոր փաստաթղթեր ստորագրել, ինչը ցույց տվեց մոսկովյան եռակողմ հանդիպումը: Այս առումով շատերի մոտ հարց է ծագում, թե ինչո՞ւ է Հայրենիքի փրկությունը ստանձնած ընդդիմադիր շարժումը երկարաձգում իշխանության հոգեվարքը եւ ավելի ռադիկալ քայլերի չի դիմում: Այս հարցի պատասխանը «Իրավունքը» փորձեց պարզել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր ԻՎԵՏԱ ՏՈՆՈՅԱՆԻՑ:
- Մենք մշտապես ասել ենք, որ որեւէ հակաօրինական քայլի չենք գնալու: Իհարկե, հասկանում ենք, որ իշխանությունն ամեն կերպ կառչած լինելով իրենց աթոռներից` պատրաստ է ցանկացած քայլի եւ սրացման, բայց մշտապես մեր կողմնակիցներին, մեր ազգաբնակչությանը, մեր հայրենակիցներին հորդորում ենք զերծ մնալ ցանկացած տեսակի բախումներից: Այո, նույն մեր համակիրների մեջ կա այդ կարծիքը, որ պետք է ավելի ռադիկալ քայլերի գնալ, բայց մեր բոլոր գործողությունները բացառապես օրենքի շրջանակներում են տեղավորված եղել եւ այդպես շարունակելու է լինել առաջիկայում:
– Այսպես մինչեւ ե՞րբ, հատկապես որ Հանրապետության հրապարակը այդպես էլ մեծ թվով մարդկանցով չի լցվում:
– Մեր պայքարը վստահաբար հաղթանակով է պսակվելու, որովհետեւ այն արդար է, եւ մենք պայքարում ենք մեր հայրենիքի անվտանգության, մեր հայրենակիցների կյանքի իրավունքի համար եւ այս գործում վստահաբար հաջողելու ենք: Անկեղծորեն որեւէ այլ համեմատականներ չէի ուզենա անցկացնել նախկինում տեղի ունեցած կամ նույն 2018-ի հեղափոխության հետ, որովհետեւ սա միանգամայն այլ գործընթաց է, եւ այստեղ կա կոնկրետ համազգային կոնսենսուս: Բոլոր նրանք, ովքեր փորձում են հրապարակում գտնվող մարդկանց թվաքանակի հետ կապված ինչ-որ դատողություններ անել, ընդամենն ուզում եմ ասել, որ մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների ընտանիքներում պարզապես այսօր սուգ է, եւ նրանք չեն դուրս գալիս փողոց, իրենց բողոքի եւ ցասումի ձայնը չեն բարձրացնում: Բայց բոլորն էլ կիսում են այն հրամայականը, այն պահանջը, որն այսօր ձեւավորված է` Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, եւ նոր կառավարություն ձեւավորվի, ու խելամիտ ժամկետներում նաեւ նոր խորհրդարանական ընտրություններ անցկացվեն: Այդ օրակարգը վստահաբար ձեւավորված է, եւ այս գործընթացում թե՛ մտավորականները, թե՛ իրավաբանները, թե՛ մեր գիտակրթական բազմաթիվ հաստատությունները, տարբեր կազմակերպությունները, Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր առաջնորդները, բոլորը համակարծիք են, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումը չունի որեւէ այլընտրանք: Եվ այս դեպքում նվազագույն արժանապատվություն եւ հայրենասիրություն ունեցող ցանկացած այր վաղուց արդեն գնացած կլիներ այդ քայլին: Իսկ Նիկոլ Փաշինյանը դեռ հապաղում է, ընդամենը փորձում է ժամանակ ձգել, կառչած մնալ աթոռին եւս մի քանի օր, բայց վստահաբար հեռանալու է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.