Դեռեւս կան մարդիկ, որոնք չեն ուզում հանրայնորեն ընդունել, որ` այո, սխալվել են. Վարդանյան
Ներքաղաքական
Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ վարչապետի աթոռին, քանի որ այն ժողովուրդը, որը պահանջում է իր հրաժարականը, չեն համապատասխանում ժողովրդի մասին իր սեփական պատկերացումներին: Իսկ ընդդիմությունը սահմանափակվում է հայտարարություններով ու փոքրիկ ակցիաներով` փորձելով հասնել Փաշինյանի բացառապես ինքնակամ հրաժարականին: Ի վերջո, ե՞րբ ընդդիմությունը կհասնի հայրենիք հանձնած եւ գերիների վերադարձի հարցը չլուծած վարչապետի հրաժարականին, «Իրավունքը» պարզեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն ԱՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ տեսակետը:
- Շատ ավելի ցանկալի կլինի, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հրաժարական տա, այլեւ կալանավորվի: Ընդ որում` ոչ միայն նա, այլ շատ մարդիկ, որոնք մեր երկիրը աճուրդի են հանել: Եթե հրաժարական չտա, ուրեմն` պայքարը պետք է շարունակել եւս մի քանի օր` մինչեւ կներկայացնի հրաժարական: Նրան աշխարհում, որեւէ երկրում լուրջ չեն ընդունում, Հայաստանը դարձել է ծաղրի առարկա, եւ նույնիսկ ծաղրում է մեր թշնամին: Սրանից վատ ի՞նչ կարող է լինել, երբ թշնամին ծաղրում է, իսկ քո երկրի ղեկավարը «լայաղ» չի անում գոնե մի պատասխան տալ այդ ծաղրանքին: Սա է այսօր այս երկրի ղեկավարի պահվածքը, եւ դրա համար պետք է ազգովի անենք ամեն ինչ, որպեսզի նա հեռանա:
– Գրեթե բոլորն են այս մասին խոսում, բայց ինչո՞ւ մեծ թվով մարդիկ այսօր չկան Հանրապետության հրապարակում:
– Ժողովուրդն արդեն, իհարկե, գիտակցել է իր սխալ ընտրության հետեւանքները, բայց դեռեւս կան մարդիկ, որոնք չեն ուզում հանրայնորեն ընդունել, որ` այո, սխալվել են, ամաչում են գալ եւ միանալ հրապարակում կանգնած մարդկանց: Բայց իրենց կոչ եմ անում` չամաչել եւ չվախենալ, բոլորս հայ ենք, եւ բոլորս էլ սխալվելու իրավունք ունենք: Եվ շատ ավելի վատ է, երբ գիտակցում ես, որ սխալվել ես եւ չես ընդունում սխալդ: Նիկոլ Փաշինյանը հեռանալու է, եւ դրա մասին կասկած չկա: Ընդ որում` ես խոսում եմ շատ մոտ ապագայի մասին, օրերի հարց է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.