Նիկոլը չի ուզում, բայց չի էլ կարող
Վերլուծություն
Հունվարի 11-ին Մոսկվայում ձեռքբերված պայմանավորվածությունը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոմունիկացիաների վերագործարկման մասին, ակնհայտորեն շեղվել է ժամանակացույցից: Ավելին, կարծես թե այդ համաձայնագիրը խախտվել է, թեեւ մինչ այդ ամեն ինչ ընթանում էր սահմանված գրաֆիկով:
ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի ՓԱՍՏԱԹՂԹԻ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԻՑ ԱՆՑԵԼ ԵՆՔ
Այսպես, մոսկովյան եռակողմ համաձայնագրի 4-րդ կետը սահմանում է. «Աշխատանքային խումբը (երեք երկրների փոխվարչապետներից բաղկացած- Հեղ.) մինչեւ 2021թ. մարտի 1-ը Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման եւ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման եւ կառուցման միջոցառումների իրականացման ցանկ եւ ժամանակացույց, նույնկերպ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնք պահանջում են հատել Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության տարածքները»: Հաշվի առնելով, որ եռակողմ համաձայնագրով սահմանված էր աշխատանքային խմբի գործունեության միանգամայն սեղմ ժամկետները, ի սկզբանե ենթադրվում էր, որ այդ փաստաթուղթը ներկայացվելուն պես երեք երկրների ղեկավարները չեն հապաղի ընդհուպ նոր եռակողմ հանդիպման միջոցով այն հաստատել եւ հետագա ընթացքի մեջ դնել: Սակայն այս պահին որեւէ տեղեկատվություն չկա ո՛չ աշխատանքային խմբի կողմից աշխատանքների ցանկն ու ժամանակացույցը ներկայացնելու եւ ո՛չ էլ այն հաստատելու մասին: Համենայնդեպս, երեկվա դրությամբ Պուտին-Ալիեւ-Փաշինյան հանդիպման կամ անգամ տեսակապի մասին որեւէ տեղեկություն չի եղել, այսինքն՝ չի անցկացվել: Ու ոչ էլ այս պահին խոսակցություններ կան, թե երբ կլինի: Ավելին, նույնիսկ այն տպավորությունն է, որ պատրաստ չէ փոխվարչապետների կողմից մշակվող փաստաթուղթը, այն անցած ամսվա վերջերից արգելակման փուլ է մտել: Այսպես, փետրվարի 27-ին նախատեսված էր փոխվարչապետների երրորդ հանդիպումը, եւ ենթադրվում էր, որ դրա ընթացքում պետք է վերջնական տեսքի բերվի առաջարկների փաթեթը՝ բարձր մակարդակով հաստատման ներկայացնելու համար: Ընդ որում, փետրվարի 26-ին խմբի աշխատանքային անդամ, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը տեղեկացրեց, որ բոլոր մասնակիցները հաստատել են իրենց մասնակցությունը: Բայց ահա՝ այդ նիստի կայանալու մասին որեւէ տեղեկատվություն չկա: Ստուգեցինք նաեւ ՀՀ կառավարության կայքը, որտեղ թեեւ փետրվարի 12-ին կայացած երկրորդ նիստի մասին պաշտոնական լրատվություն կա, սակայն երրորդ նիստի մասին՝ ոչ մի բառ: Անգամ, որ այն հետաձգվել է: Այսպիսով, ի՞նչ է կատարվում: Ընթերցողը թերեւս նկատեց, որ փետրվարի 27-ի նիստի կայանալ-չկայանալու եւ պետությունների ղեկավարներին առաջարկների փաթեթ ներկայացնել-չներկայացնելու հարցին մոտեցանք բավականին զգուշորեն: Պատճառը սա է՝ ողջ տրամաբանությունը հուշում է, որ գործընթացը արգելակման փուլում է: Սակայն ինչպես այդ աշխատանքային խմբի գործունեության, այնպես էլ հունվարի 11-ի համաձայնագրի իրականացման ընթացքի առնչությամբ քանիցս նշել ենք, որ մասնավորապես Հայաստանում այն վերածել են «յոթ փակի տակ պահվող» գաղտնիքի: Թե ինչու, դեռ կանդրադառնանք: Իսկ մինչ այդ, նկատենք, որ զգուշավորություն ենք ցուցաբերում, քանի որ հնարավոր չէ բացառել, որ կարող է եւ գերգաղտնիության պայմաններում այդ ողջ գործընթացը տեղի ունեցել է, այսինքն, որ մի «գեղեցիկ օր» կարող է պարզվի, որ ունենք բարձր մակարդակով հաստատված կոնումիկացիաների վերագործարկման հստակ պայմանագիր՝ կատարվելիք կոնկրետ աշխատանքներով եւ ժամանակացույցով հանդերձ: Սա ծայրահեղ տարբերակն է, իսկ մինչ այդ ենթադրենք, որ գործընթացը կանգ է առել: Ուրեմն՝ ինչո՞ւ:
«ԿԻՐԹ ՄԱՐԴԸ» ՆԱԵՎ «ՀՈԳԱՏԱՐ» Է
Նախ նկատենք, որ Օվերչուկի տեղեկացման համաձայն՝ փետրվարի 27-ին աշխատանքային խմբի նիստի կայանալը կողմերը հաստատել են, սակայն դրան զուգահեռ ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ Ալիեւը: Ըստ այդմ՝ «Բաքուն ըմբռնումով կմոտենա, եթե Հայաստանը չեղյալ հայտարարի շաբաթ օրը (փետրվարի 27-ին- Հեղ.) նախատեսված աշխատանքային խմբի հանդիպումը»: Դա Ալիեւը կապում էր Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ: Իհարկե, շատ «հուզիչ է» տեսնել, թե այն «կիրթ մարդ»՝ Ալիեւը, ինչ «հոգատար է դարձել» Հայաստանի հանդեպ, թե՝ «Հարեւան ջան, գլուխդ խառն է, ոչինչ, որ նման կարեւոր, ի սկզբանե գերհրատապ հարցերը մի քիչ հետաձգենք»: Միայն թե սա այն դեպքն էր, որ եթե անգամ Ալիեւն իրոք հոգատար լիներ, էլի դրա կարիքը չկա: Այսինքն, թեեւ այդ պահին Հայաստանում ներքին իրավիճակը լարված էր, սակայն փոխվարչապետների նիստին մասնակցելու համար Մհեր Գրիգորյանի Մոսկվա մեկնել-չմեկնելն ինչո՞վ էր խանգարելու հայաստանյան վիճակին: Ուրեմն, ինչո՞ւ էր Ալիեւն այդպես «դարդոտվել»: Հաջորդը: Ալիեւն այդ հայտարարությունն արել էր Օվերչուկից մի փոքր առաջ: Այսինքն, չնայած Հեյդարովիչի «դարդոտվելուն», որոշվեց, որ հանդիպումը կայանալու է: Ուրեմն, ինչո՞ւ չկայացավ: Եվ, վերջապես, կա նաեւ թերեւս ամենակարեւոր այս հարցը. իսկ պատահակա՞ն էր, որ Նիկոլը «10 տոկոսով պայթող «Իսկանդերի» մասին ընդգծված հակառուսական «մտքեր» հայտնեց եւ դրանով երկիրը ներքին եւ արտաքին այդքան ընդգծված հերթական ճգնաժամի մեջ ներքաշեց հենց փետրվարի 27-ի շեմին: Չէ՞ր գիտակցում, որ դրանով առնվազն արգելակման է տանում ինչպես այդ հանդիպումը, այդպես էլ դրա ժամանակ ծրագրի ընդունումն ու, խոշոր հաշվով, դրան մի քանի օրից հաջորդող եռակողմ բարձր մակարդակով հանդիպումն ու փաթեթի հաստատումը: Թե՞ գիտակցում էր, ու նաեւ ¥միայն¤ այդ պատճառով էլ «պայթեցրեց» իսկանդերային սկանդալը: Իրավիճակից գլուխ հանելու համար նախ հիշեցնենք հետեւյալ պարզ իրողությունը: Այն, որ կովկասյան կոմունիկացիաների գործարկման ծրագիրը միանգամայն ձեռնտու է Ռուսաստանին, հայտնի է: Այն պարզ պատճառով, որ այս ծրագրի արդյունքում Մոսկվան վերջնականապես կֆիքսի տարածաշրջանում իր թիվ 1 դերակատարի փաստը: Իսկ ահա Ադրբեջանն այս նախաձեռնությունից ունի ինչպես օգուտներ, այնպես էլ՝ կորուստ: Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ նման կապը, ինչ խոսք, Բաքվին ձեռնտու է, թեեւ առանց դրա էլ մինչ այս յոլա էր գնում: Բաքուն ունի նաեւ բիզնես-շահ, եթե կովկասյան կոմունիկացիաները ներառվեն «Մետաքսի ճանապարհի» մեջ: Բայց փոխարենը, եթե այս նախաձեռնության միջոցով վերջնականապես է ամրապնդվում Արցախում եւ Սյունիքում ռուսական զորքերի տեղակայման փաստը, ապա դա Ալիեւի ¥չմոռանանք Էրդողանին¤ համար հազիվ թե երազանքների գագաթնակետը լինի: Այս առումով, թերեւս, պատահական չէ նաեւ, որ Ալիեւն այդպիսի «հոգատար» է դարձել Հայաստանի, ավելի կոնկրետ՝ կոմունիկացիոն ծրագրերը վերջնական փուլ տեղափոխելու արգելակման նկատմամբ:
ՎԵՐՋԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ինչ վերաբերվում է Նիկոլին, ապա նա այս կոմունիկացիոն ծրագրերի հարցով երեք լրջագույն խնդիր ունի: Նախ, նա այս հարցում երկրի ներսում ունի հակազդեցություն, եւ նոր փաստաթուղթ ստորագրելու դեպքում այն էապես կավելանա: Երկրորդը. Նիկոլը երեւի պարզ գիտակցում է, որ ստորագրելուց հետո նա ոչ միայն այլեւս ոչ մի բանով պետք չի լինի Մոսկվային, այլ իրեն վարչապետական աթոռից պոկելը կդառնա ռուսական օրակարգային հարցերից մեկը: Վերջապես, կա նաեւ արեւմտյան թեւը, որը դեռ կատաղի կռիվ է տալիս Արցախ-Սյունիք հատվածում ռուսական զորքերի դիրքերի ամրագրման, այսինքն՝ նաեւ այս կոմունիկացիոն ծրագրերի դեմ: Ու եթե ներկայումս էապես սրել են Նիկոլի ուղղությամբ ճնշումները՝ վերջին քայլից՝ ստորագրելուց հետ պահելու ուղղությամբ, ապա դժվար չէ կռահել, թե ինչ կանեն նրա հետ, եթե գնա այդ քայլին. օրինակ, ստորագրելուց հետո Նիկոլը հազիվ թե, ասենք, Կանադայի որեւէ դղյակում հանգիստ կյանքով ապրելու հնարավորություն ունենա: Այս ամենը հուշում է, որ ուրախությամբ կհրաժարվեր այդ փաստաթուղթը ստորագրելուց: Բայց ինչպե՞ս, քանի որ այդ դեպքում ձախողման է տանելու ոչ միայն հունվարի 11-ի, այլ նաեւ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի 9-րդ կետը: Այսինքն, այն նույն դրդապատճառները ¥վտա՞նգը¤, որը նրան պարտադրեց ստորագրել նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ամբողջությամբ՝ կոմունիկացիաներին վերաբերող 9-րդ կետով հանդերձ, ապա՝ հունվարի 11-ի փաստաթուղթը, ակնհայտորեն այս պահին էլ կախված են նրա գլխին: Կարճ ասած, եթե չստորագրել կարողանար, այն ժամանակ չեր ստորագրի: Մնում է մեկ տարբերակ՝ ժամանակի վրա խաղալ, որին Նիկոլը սովորաբար դիմում է նման խառը վիճակներում: Դրա համա՞ր էր «իսկանդերային սկանդալը». չբացառենք: Համենայնդեպս, դրա հաշվին մի քանի օր շահեց. փաստաթուղթը պետք է մարտի 1-ին նրա առաջ դրվեր, սակայն դրված չէ: Փոխարենը, ստիպված էր բախման մեջ մտնել բանակային ղեկավարության հետ, որից, այսպես ասենք, հազիվ թե Մոսկվան տեղյակ չլիներ: Համենայնդեպս, չէր կարող պատահական լինել նաեւ, որ Նիկոլը չհապաղեց զանգահարել Պուտինին՝ ռուսական զենքը գովերգելու համար: Ուրիշ ի՞նչ էր գովերգում, կոմունիկացիոն ծրագի՞րը: Համենայնդեպս, դրանից հետո բանակն ու ընդդիմությունը զերծ են մնում վճռական գործողություններից...
Այսպիսով, կոմունիկացիոն ծրագիրն արգելակման փուլից դուրս կգա՞ եւ կմտնի՞ բարձր մակարդակով հաստատման փուլ: Թերեւս, մոտ օրերս կարող է այս մասին նորություն լինել: Օրինակ, մինչ այն վերջնական ժամկետը, երբ պարզ կդառնա՝ Օնիկ Գասպարյանը հեռանո՞ւմ է, թե՞ հրաժարվելով հեռանալ՝ դիմում է վճռական քայլերի:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ