o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՅՍ Ի՞ՆՉ Է, «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ՈՐՈՇԵԼ ԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆՆԵՐԻՆ «ՔԱՄԵ՞Լ»

31.01.2020 15:35 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԱՅՍ Ի՞ՆՉ Է, «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ՈՐՈՇԵԼ ԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆՆԵՐԻՆ «ՔԱՄԵ՞Լ»

Եվ այսպես, ՊԵԿ-ը երեկ ներկայացրեց անցած տարի հայաստանյան 1000 առաջատար հարկատուներին: Սպասվում էր, որ այստեղ տեղ կգտնեն բազում հետաքրքիր փաստեր: Սակայն փաստացի պարզվեց, որ սենսացիաների եւ հետագա բացահայտում պահանջող տվյալների պակաս եւս չկա:

 

Սկսենք տարվա առաջատարից: Այն «Գրանդ տոբակոն» է, որն անցած տարվա երկրորդ հորիզոնականից առաջին է տեղափոխվել՝ վճարած հարկերը 42.2 միլիարդից 57 միլիարդի հասցնելու շնորհիվ: Կեցցե «Գրանդ տոբակոն», իսկական հարկային ճախրանքների մեջ է: Ու ամենալավն այն է, որ արդեն մի քանի տարի անընդմեջ: Այսպես, 2017թ.-ին նա նախորդող տարվա համեմատ 53 տկոսով ավելացրել էին հարկերը, մեկ տարի անց էլ՝ մոտ 22 եւ հիմա էլ՝ ավելի քան 35 տոկոսով: Բայց մյուս կողմից էլ՝ «Գրանդ տոբակոյի» այդ «հարկային ճախրանքները» նաեւ սարսափեցնում են: Տեսեք, տարին տարվա վրա բազմապատկում է հարկերը, եւ մնում է ենթադրել, որ բազմապատկվում են նաեւ հայաստանյան ծխողները: Բայց չէ, պատկան ատյանները մշտապես խոսում են հակառակի մասին, որ ծխողները քչանում են: Ուրեմն մտածենք, որ «Գրանդ տոբակոն» բազմապատկված տեմպերով արտահանո՞ւմն է ավելացնում: Սակայն կա մեկ պարզ ճշմարտություն. արտահանումն ավելացնելու համար նախ պետք է արտադրությունն ավելացնել: Սակայն, թեեւ անցած տարի «Գրանդ տոբակոն» 35 տոկոսով ավելացրել է հարկերը, բայց ահա ըստ պաշտոնական վիճակագրության` Հայաստանում «Ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը» ավելացել է ընդամենը 9.7 տոկոսով եւ մոտավորապես այդքան էլ՝ «Պատրաստի արտադրանքի իրացումը», այդ թվում՝ արտահանման միջոցով: Իսկ ահա «Գրանդ տոբակոն» այդ ոլորտի մեր առաջատարն է, այսինքն՝ նաեւ վիճակագրական այդ ցուցանիշների ձեւավորողը: Մինչդեռ տնտեսագիտական անգրագիտություն կլիներ ենթադրելը, թե՝ ոլորտի առաջատարն իր արտադրա-սպառման ցուցանիշներն ավելացրել է 35 տոկոսով, իսկ հանրապետական միջինը 10-ի չի հասնում: Դա կարող էր լինել այս ծայրահեղ տարբերակում. եթե առաջատարը մի 50 եւ ավել տոկոսի աճ ունենար, իսկ մյուսները հասնեին փակման եզրին, որն իր հերթին բացատրություն կպահանջեր: Մինչդեռ իրողությունն այն է, որ ծխախոտ արտադրող հայաստանյան մյուս ընկերությունը՝ «Գրանդ տոբակոյի» «սիամական երկվորյակ» «Ինտերնեյշնլ Մասիս տաբակոն» իր հերթին է էականորեն ավելացրել վճարած հարկերը՝ նախանցած տարվա 13-ից հասցնելով 19.2 միլիարդի. չէ, սա «Գրանդ տոբակոյի» համեմատ էլ է շատ ավելի ցցուն աճ: Եվ ստանում ենք այս պատկերը. մեր հիմնական ծխախոտ արտադրողները գերթռիչքային հարկային ավելացումներ են իրականացնում, իսկ վիճակագրությունը համոզում է, թե ոլորտում հազիվ 10 տոկոսանոց աճ կա: Ուրեմն ի՞նչ անենք, մտածենք, թե վարդանյանական ծխախոտագործությունը ոչ թե ծավալների ավելացման, այլ նաեւ՝ ինչ-որ «անբացատրելի» պատճառներո՞վ է հարկերն ավելացրել: Այդ դեպքում ստիպված կլինենք մտածել նաեւ, որ նախանցած տարիների հարկային ավելացումներից հետո անգամ այդ ընկերություններն անցած տարի գտնվել են ստվերում եւ իրականից միլիարդներով պակաս հարկեր են վճարել: Ու եթե այդպես լիներ, ապա նաեւ այս հարցն առաջ կգար՝ իսկ ինչո՞վ էին զբաղված, ասենք, ՊԵԿ-ի հարկային քննիչները: Այդ ինչպե՞ս է լինում, որ շատ այլ ընկերությունների հետ կապված բացահայտվում են նախկինում չվճարված հարկերի մասին փաստերը, իսկ ահա ծխախոտագործների մասով՝ «վճարիր եւ հանգիստ շնչիր» տարբերակն է: Ամեն դեպքում ֆիքսենք, որ չի երեւում այն հստակ պատճառը, թե ինչու են ծխախոտագործների հարկերն այդքան ավելացել արտադրական ծավալների պաշտոնական միքանիանգամանոց պակաս ավելացման պարագայում: Հուսանք, որ բացատրությունը ՊԵԿ-ից կստանանք: Ամեն դեպքում ֆիքսենք նաեւ, որ Հայաստանում ծխախոտի սպառման ինչ-որ արտառոց բում կարծես չի էլ նկատվել:

Այսինքն, շուկայի մի զգալի մասը ներմուծված ծխախոտի դաշտում է, իսկ ահա ներմուծողների մոտ հարկային թռիչքներ տեսանելի չեն: Օրինակ, խոշոր հարկատուների ցանկի 5-րդ հորիզոնականը զբաղեցրած «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ»-ն 2018թ. մոտ 18 միլիարդի փոխարեն անցած տարի մի բան էլ քիչ է վճարել՝ 16.4 միլիարդ դրամ, ինչը կարող է համապատասխանել ծխողների թվի կրճատման տեսլականին: Կամ ասենք «ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ»-ն հարկերը մոտ 13.5 միլիարդից հասցրել է 13.7 միլիարդի, ինչը նույնպես կարող է նույն տրամաբանության մեջ գտնվել: Արդյունքում, հիմնական եւ ընդգծված անոմալիան մնում են ծխախոտի տեղական արտադրողները, ինչի բացատրությունը կստանանք: Եվ որպեսզի «Գրանդ հոլդինգի» հատվածն ամփոփենք, նշենք նաեւ, որ բավական լուրջ հարկային աճ կա նաեւ «Քրանդ Քենդիի» մոտ՝ 2018թ. մոտ 5.1 միլիարդից մինչեւ 2019թ.-ին՝ 6.3 միլիարդ: Ավելի քան՝ 20 տոկոս. այս ի՞նչ է, «նոր Հայաստանում» որոշել են վարդանյաններին «քամե՞լ»: Բայց չէ, «Գրանդ մաստերում» կայուն վիճակ է՝ մոտ 6.2 միլիարդից հարկերը հասել են 6.4 միլիարդի: Չնայած այդ դեպքում էլ մեկ ուրիշ հարց կա. իսկ մի՞թե ծխախոտագործների եւ հրուշակագործների համար տուփերը «Գրանդ մաստերի» գործը չէ: Եթե այն ոլորտներում կան թռիչքներ, պետք է, որ տուփերն էլ թռիչքայնորեն շատ արտադրվեին: Իսկ ահա հարկերն այդպես չեն: Սա, ընդամենը ընկերությունների մեկ խմբի հետ կապված հարցականներն են: Նման հարցականների պակաս հարկատուների ցանկում չկան, ինչին մեր առաջիկա համարներում կանդրադառնանք:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА