o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կորոնավիրուսին արձագանքը չպետք է խոչընդոտի Հայաստանում լրատվամիջոցների աշխատանքին. ԵԱՀԿ

25.03.2020 12:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Կորոնավիրուսին արձագանքը չպետք է խոչընդոտի Հայաստանում լրատվամիջոցների աշխատանքին. ԵԱՀԿ

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրն իր մտահոգությունն է հայտնել COVID-19 համաճարակի հետ կապված ապատեղեկատվության դեմ պայքարի համատեքստում մարտի 23-ին Հայաստանում Քրեական եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունների փաթեթի վերաբերյալ: Այս մասին ասվում է ԵԱՀԿ կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ընդունված օրենքները սահմանափակում են մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը․ Human Rights Watch

Ներկայիս արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ցանկացած «կազմակերպություն, որն իրականացնում է լրագրողական գործունեություն» (այն իր մեջ ներառում է էլեկտրոնային հրապարակումները, որոնք հնացած սահմանումով չեն համարվում լրատվամիջոց), կարող է հրապարակել  միայն պաշտոնական տեղեկատվություն կորոնավիրուսային ճգնաժամի մասին: Կառավարությունը բացատրում է, որ դա անհրաժեշտ է՝ խուսափելու կորոնավիրուսով վարակված պացիենտների նկատմամբ ագրեսիայից կամ բնակչության շրջանում խուճապի առաջացումից: Լրագրողներն ու խմբագիրները քննադատել են այդ որոշումը, հայտարարելով, որ չկա հստակ սահմանում, թե որ հաղորդագրությունները կարող են կամ չեն կարող խուճապ առաջացնել:

«Ես լիովին հասկանում եմ նոր օրենքի նպատակը՝ COVID-19 համաճարակի ժամանակ խուսափել խուճապից, ագրեսիայից եւ պայքարել կեղծ տեղեկությունների դեմ։ Միաժամանակ, ԶԼՄ-ները որոշիչ դեր են խաղում հանրությանը կարեւոր տեղեկատվություն տրամադրելու եւ համաճարակի վերաբերյալ կեղծ լուրերին հակազդելու հարցում: Օրենքը չպետք է խոչընդոտի լրագրողների աշխատանքին եւ նրանց՝ համաճարակի մասին հաղորդելու կարողությանը: Միայն իշխանությունների կողմից տրամադրված տեղեկատվության հրապարակումը շատ սահմանափակող միջոց է, որը կսահմանափակի լրատվամիջոցների ազատությունը եւ տեղեկատվության հասանելիությունը»,-նշել է Հարլեմ Դեզիրն իր հայտարարության մեջ:

Նշվում է, որ արտակարգ դրության ժամանակ սահմանափակումները խախտած հրապարակումների համար առավելագույն տուգանքը սահմանվել է 300 000 դրամ (մոտ 600 դոլար): 24 ժամվա ընթացքում արգելված տեղեկատվությունը չջնջելը կհանգեցնի տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկի չափով (1000-2000 դոլար):

Հարլեմ Դեզիրը նաեւ հիշեցրել է նախորդ շաբաթ իր,  ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դեյվիդ Քեյնի, Մարդու իրավունքների Համաամերիկյան հանձնաժողովի հատուկ զեկուցող Էդիսոն Լանզայի համատեղ հայտարարությունը, որում ասվում էր, որ մարդու առողջությունը կախված է ոչ միայն մատչելի բուժօգնությունից, այլ նաեւ  ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքից, որը ներառում է սպառնալիքի բնույթի, այդ սպառնալիքից քեզ, քո ընտանիքի անդամներին եւ հասարակությանը պաշտպանվելու վերաբերյալ տեղեկատվությունը:

Նույն հայտարարության մեջ նաեւ նշվել է. «Տեղեկատվության հասանելիության իրավունքը նշանակում է, որ կառավարությունները պետք է բացառիկ ջանքեր գործադրեն լրագրողների աշխատանքը պաշտպանելու համար: Լրագրությունը կարեւոր գործառույթ է իրականացնում արտակարգ դրության ժամանակ հանրային առողջության ոլորտում, հատկապես, երբ այն ուղղված է շատ կարեւոր տեղեկատվությունը, այդ թվում կառավարության գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը հանրությանը հասցնելուն»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА