o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒՆ ԿՀԱՋՈՂՎԻ՞ ԳՈՂԱՆԱԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԱԹՈՌԸ

15.09.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒՆ ԿՀԱՋՈՂՎԻ՞ ԳՈՂԱՆԱԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԱԹՈՌԸ

Հազիվ էր Վրաստանի նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին լեհ-ուկրաինական սահմանը գրոհելով անցել այս կողմ, առիթ ունեցանք կարծիք հայտնել, որ դա ոչ թե Միշկայի հերթական խեղկատակային բեմադրությունն է, այլ՝ «գունավոր հեղափոխության» փորձ: Ավելին, որ այդ գործընթացի թիկունքին զորեղ ուժեր կան, եւ, ըստ ամենայնի, այն սուպերլիբերալները, որոնք նաեւ առաջ են տանում ԱՄՆ-ի ներսում հակաթրամփյան պայքարը:

Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու որոշման նախագիծ

ՈՐ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ Է, ԴԱ ՀԱՍՏԱՏ Է»

Եվ ահա վերջին օրերի իրադարձությունները եկան հուշելու, որ Սահակաշվիլու խնդիրն իրոք «հեղափոխությունն» է: Նախ՝ Լեհաստանը, որ մինչ այդ չեզոք դիտորդի դերից էր ներկայանում, հանկարծ սկսեց խոսել Սահակաշվիլու օգտին: Բացատրությունն անհեթեթ էր, թե գիտեք ինչ՝ մենք Սահակաշվիլու հետ լավ հարաբերություններ ունեինք դեռ այն ժամանակներից, երբ նա Վրաստանի նախագահն էր: Այսինքն՝ լեհերը Վրաստանի հետ լավ հարաբերություններ ունեին միայն Սահակաշվիլու թանկ խաթեր համա՞ր: Այդ դեպքում հիմա, երբ Թբիլիսին նախկին նախագահի գլխին 11 տարվա ազատազրկում խոստացող քր.գործ է կախել, Լեհաստանը պետք է որ թշնամանար վրացիների հետ: Բայց այդպես չէ. Սահակաշվիլու օրոք Լեհաստանն իրոք լավ հարաբերություններ ուներ Վրաստանի հետ ու մինչեւ հիմա էլ ունի: Ճիշտ է, որպես կարկառուն «հեղափոխական» սուպերլիբերալ հակումներով երկրները իրենց «հեղափոխական» գործակալի հանդեպ լավ վերաբերմունք ունեին, բայց չմոռանանք նաեւ, որ վերջին ժամանակներս, երբ Սահակաշվիլու կարիքն արդեն չկար, Լեհաստանին ամենեւին էլ չէր հետաքրքրում նրա ճակատագիրը: Ու հիմա, երբ Սահակաշվիլուն փորձում են նորից «հեղափոխական» առաջնորդ սարքել, արդեն սկսեցին հետաքրքրվել ու «տակից» աջակցել:

Բայց չմոռանանք, որ Լեհաստանը միշտ էլ եղել է ամերիկյան մարիոնետ: Թրամփի գալուց հետո էլ, իհարկե, նույն բանն է: Բայց նաեւ ֆիքսենք. Վարշավայի համար շատ ավելի հոգեհարազատ  եղել ու մնում է ամերիկյան սուպերլիբերալ թեւը, հենց նրանք են մեյդան բերել լեհական ներկայիս քաղաքական էլիտային: Ասենք ավելին՝ այդ սուպերլիբերալ համակարգը իր կողմից առաջ քաշված նման էլիտաների նկատմամբ միշտ էլ ունեցել է այն կարգի կոմպրոմատային բազա, որ ինչ էլ փոխվի, չկարողանան իրենց դավաճանել: Ի լրումն այս ամենի, նշենք նաեւ, որ արդեն իսկ բարձրաձայն խոսվում է, որ Սահակաշվիլուն համակողմանի օգնության դեպքում, եթե «հեղափոխությունը» հաջողվի, Լեհաստանին որպես պարգեւ բաժին կհասնի Ուկրաինայի մի պատկառելի կտորը: Այն տարածքներից, որոնք 1939թ.-ին անցան ԽՍՀՄ-ին եւ ներառվեցին Ուկրաինայի կազմ:

Մի խոսքով, արդեն միանշանակ է, որ Սահակաշվիլին գործում է սուպերլիբերալ համակարգի ակտիվ աջակցությամբ, ինչի մասին, ի դեպ, վկայում է նաեւ այն փաստը, որ Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն ակնհայտորեն վախեցած է ու չի համարձակվում վճռական միջոցների դիմել: Ի վերջո, չմոռանանք, որ Պորոշենկոն էլ իր հերթին է նույն սուպերլիբերալ համակարգի դրածոն, նրա նկատմամբ նույնպես կա կոմպրոմատային ահռելի բազա: Այդ թվում՝ բավական է միայն բացվի 2013-14թթ. ուկրաինական արյունոտ մայդանի ու այդ արյան միջոցով Պորոշենկոյի իշխանության գալու պատմությունը, որ նրա գլխին մի հազար տարվա պատժաժամկետի հեռանկար կախվի: Ընդ որում, ինչքան էլ Պորոշենկոն փորձի ամերիկյան գործով իշխանությունների ճամբար «թռչելու» միջոցով այդ հեռանկարները կանխել, հնարավոր չէ. պարզապես ողջ ինֆորմացիան կհայտնվի լրատվամիջոցներում, եւ դրանից հետո, եթե նույնիսկ Թրամփը Օբամայի ձեռքը բռնած գա, էլի չեն կարող Պորոշենկոյին փրկել:

ՆՊԱՏԱԿԸ ՌՈՒՍՆԵՐԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՊԱՐՏԱԴՐԵԼՆ Է

Ուկրաինական այս իրավիճակը կարեւոր է այնքանով, որ այս եռացող ինտրիգային ֆոնը կարող է մինչեւ իսկ ամենածայրահեղ՝ պատերազմական հետեւանքների հանգեցնել: Ընդ որում, նախ Պորոշենկոն կարող է փորձել  Դոնբասում պատերազմ վերսկսելու միջոցով այս ճնշումների տակից դուրս գալ: Մյուս կողմից, եթե «հեղափոխությունը» ստացվի, ու Սահակաշվիլին կողմնակիցների հետ գրավի Կիեւը ¥ինչի հայտ վերջին օրերին նա բացահայտորեն է ներկայացնում¤, ապա դա նույնպես արեւելյան ուղղությամբ պատերազմ տանող ուղիղ ճանապարհ է:

Կարճ ասած՝ ակնհայտ է, որ սուպերլիբերալ համակարգին ամեն կերպ ռուսներին պատերազմի մեջ ներքաշել է պետք, ընդ որում՝ շատ էական չէ` ում դեմ: Պատճառն էլ է տեսանելի. նախօրեին մեր համարում առիթ էինք ունեցել առաջ քաշել այն միտքը, որ 20 տրիլիոն դոլարի շեմն անցած ամերիկյան պետպարտքը պարզապես պարտադրում է Թրամփին վճռական քայլերի դիմել, եւ այդ ճանապարհին առաջին քայլը ներամերիկյան իրավիճակը ձեռքն առնելն է: Այլ կերպ ասած՝ Թրամփը նախապատրաստվում է սուպերլիբերալների դեմ մեծ գրոհի, ինչի մասին, ի դեպ, արդեն իսկ տարաբնույթ ակնարկներ կան: Նաեւ այն մասին, որ այդ պայքարի գլխավոր հաղթաթուղթն է դառնում դոլարի տպելու իրավունքը սուպերլիբերալիստական Ֆեդերալ ռեզերվային համակարգից պետական կառավարման տակ առնելը: Նման փորձեր էլի են եղել, որի պատճառով ամերիկյան որոշ նախագահներ նույնիսկ հասել են պաշտոնանկման կամ մահափորձի ու սպանության դուռը: Սակայն Թրամփի օրոք ոչ միայն ողջ աշխարհում, այլ հենց ԱՄՆ-ում է շատ բան փոխվել: Ամենակարեւորը՝ երկրի բնակչության պատկառելի մասը, ընդ որում, հիմնականում տնտեսապես ակտիվ շերտը շատ ավելի լավ է գիտակցում, որ տարաբնույթ բանկային փուչիկների եւ, խոշոր հաշվով, դոլարի ներկայիս կարգավիճակի պատճառով է, որ ամերիկյան իրական տնտեսությունն իր ամենածանր օրերն է ապրում: Դա էր պատճառը, որ հատկապես այդ մասսայի միջոցով Թրամփը եկավ իշխանության: Ընդ որում, չնայած որոշակի շեղումներին, նույն մասսան ինչքան էլ որ Թրմափին սուպերլիբերալ քարոզչական համակարգը վստահության ցածր վարկանիշ տա, դեռ մնում է Թրամփի համար ազդեցիկ հենարան: Եվ դա այն պոտենցիալն է, որը կարող է ամերիկյան այս մի նախագահին բավարար հնարավորություն տալ դոլարի տպագրման համար ավելի քան մեկդարյա պայքարում հաջողության շանսեր ունենալ:

Թրամփը հերքել է Բայդենի գործի հետ Ուկրաինայի օգնության կապի մասին Բոլթոնի պնդումները

ՀՆԱՐԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ

Մի խոսքով, սուպերլիբերալներին պետք է հակահարված` այն էլ պայթյունի տեսքով: Իսկ այդպիսին կարող է լինել ռուսներին կամ ծայրահեղ դեպքում չինացիներին մեծ պատերազմի մեջ ներքաշելը, եւ երբ բոլորը կկենտրոնանան դրա վրա, արդեն հնարավոր կլինի «տակից» նոր մեծ խաղ սարքել:

Ինչո՞ւ Ուկրաինան: Պարզապես այլ փորձերը հաջողության հույսեր չեն տալիս: Սիրիական փորձը ձախողված է, հաշվի առնելով, որ այս հատվածի հիմնական «հեղափոխական» ուժը ԻՊ-ի գլխավորությամբ իսլամիստական գրոհայինները գրեթե ոչնչացված են: Գործնականում ձախողված է նաեւ Հյուսիսային Կորեայի շուրջ մեծ պատերազմ սարքելու փորձը: Այն պարզ պատճառով, որ այս դեպքում էլ պայմանականորեն ասենք՝ «հեղափոխական» կողմը՝ Հարավային Կորեան եւ Ճապոնիան պարզ հասկացան, որ այդ պատերազմի փլատակների տակ առաջին հերթին հենց իրենք են մնալու:

Իսկ ահա Ուկրաինայում... Այստեղ, եթե ուկրաինացի Պորոշենկոն ինչ-որ մի տեղ հասկանում է, որ ոչ միայն երկիրը կարող է վերջնականապես ոչնչացնել, այլ նաեւ այդ երկրում իր ունեցած-չունեցածը, ապա վրացական ծագումնաբանությամբ սուպերլիբերալիստական հին շպիոնի, վաղուց մարդկային ամեն ինչ կորցրած Սահակաշվիլու համար այդ արգելակներն արդեն չկան: Մի խոսքով, պարզ երեւում է, որ ուկրաինական հերթական «հեղափոխության» մեկնարկը տրված է: Նկատելի է նաեւ, որ դրա հիմնական շարժիչ ուժն է դեռ այն՝ մայդանային ժամանակներից հայտնի ներուկրաինական սուպերլիբերալ մասսան՝ տարաբնույթ տիմոշենկոները, մերկացող ֆեմինիստուհիները, նույնիսկ մի քանի հայտնի մանկապիղծ պատգամավորները: Այս պահին Սահակաշվիլին փորձում է հատկապես արեւմտյան տարածքներում հակաիշխանական շարժում ձեւավորել, որն, ի դեպ, դժվար բան չէ` հաշվի առնելով երկրի հերն անիծած Պորոշենկոյի նկատմամբ համատարած ատելությունը: Պորոշենկոն էլ իր հերթին փորձում է ինչ-որ պաշտպանական քայլերի դիմել, բռնել է ուկրաինական սահմանի ճեղքման գործում Սահակաշվիլուն օգնած անձանցից մեկ-երկուսին: Բայց դեռ վախենում է «հեղափոխական» լիդերներին անգամ մոտ գնալ: Ընդ որում, դա դիտարկվում է որպես թուլության նշան, որը միայն Սահակաշվիլու օգտին է: Բայց սրանք դեռ նախնական, նախապատրաստական գործընթացներն են: Կլինի նաեւ գլխավոր հարվածը, եւ նույնիսկ սկսել են ժամկետներից խոսել. մոտ մեկ ամսվա նախապատրաստումից հետո Սահակաշվիլին նոր միայն կարշավի դեպի Կիեւ:

Եթե բան չփոխվի, այս հերթական «հեղափոխությունը» կա՛մ կհաջողվի, կա՛մ Պորոշենկոն ստիպված կլինի բանակը գործի դնել, եթե, իհարկե, համարձակությունը ների: Այլ բան, որ այս ամենի հետ կապված դեռ գործնականում հստակորեն չեն արձագանքնել նախ պաշտոնական Վաշինգտոնը, ապա՝ Մոսկվան ու Բեռլինը: Իսկ այդ արձագանքը ողջ իրավիճակը կարող է փոխել: Եվ այն, որ Թբիլիսիում տրվեց Սահակաշվիլու հեռակա դատավարության մեկնարկը, պատահական չէր կարող լինել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА