ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ելքի» հակաԵՏՄական նկրտումներն ի չիք դարձան

04.10.2017 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ելքի» հակաԵՏՄական նկրտումներն ի չիք դարձան

Խորհրդարանում իրականացավ ԱԺ «Ելք» խմբակցության բաղձալի երազանքը, եւ պատգամավորները քննարկեցին ԵՏՄ հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերջիններիս առաջարկած նախագիծը: Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու եւ առհասարակ ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու վերաբերյալ հակափաստարկների պակաս Ազգային ժողովում չեղավ: Ավելին` ԱԺ  ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ խոսեց կոնկրետ թվերով: Ըստ նրա` 2016 թվականի դրությամբ` իրական ՀՆԱ-ն 2014 թվականի նկատմամբ գրանցել է 3.4 տոկոս աճ: Նույն ժամանակահատվածում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն աճել է 8.7 տոկոս: 2017 թվականի հունվար-հունիսին` 2014 թվականի հունվար-հունիսի համեմատ, իրական ՀՆԱ-ի աճը կազմել է 14.1 տոկոս: «Ելքի» առաջ բերած նախագծի, դրա պատեհության եւ թվային ցուցանիշների մասին էլ, «Իրավունքը» զրուցեց հենց Վ. Բաղդասարյանի հետ:

ԱԱԾ-ն փնտրում էր Արմեն Սանթրոսյանին. դիմակավորված անձինք ՊՀԹ-ում (Տեսանյութ)

«ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ԻՆՉՊԵՍ ԵՏՄ-Ի, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԵՄ-Ի ՀԵՏ»

– Պարոն Բաղդասարյան, «Ելքի» մեթոդաբանության համաձայն, 2014-2016 թվականների դոլարային արտահայտությամբ` ՀՆԱ-ի ցուցանիշները նվազել է 9 տոկոսով: Ի՞նչ կասեք այս մասին:

– Պետք է համեմատել այս ցուցանիշները համադրելի երկրների հետ: Օրինակ, Վրաստանում նույն ցուցանիշը տվյալ ժամանակահատվածում նվազել է 14 տոկոսով, Մոլդովայում` 16, Ուկրաինայում` 22 տոկոսով: Խնդիրն այն է, որ ԱՄՆ դոլարն արժեւորվել է: Բայց դրա կողքին չմոռանանք, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո` դեպի ԵՏՄ երկրներ արտահանվող ապրանքների ծավալների զգալի աճ է գրանցվել, մեծ աշխատանք է տարվել հայկական ապրանքների արտահանման ուղղությամբ: ԵՏՄ-ին անդամակցությունը չի խոչընդոտել նաեւ ապրանքների արտահանմանը դեպի Եվրամիություն եւ այլ երկրներ: Այդ ուղղություններով եւս աճ է եղել: 2013 թվականին մենք արտահանել ենք 64 հազար տոննա գյուղմթերք, 2016-ին` 146 հազար տոննա: Սա կրկնակիից էլ ավելի է, որի 90 տոկոսն արտահանվել է ԵՏՄ երկրներ:

– Իսկ «Ելքը», որպես ԵՏՄ-ից դուրս գալու հիմնարար պատճառ, բերում է, օրինակ, ծիրանի արտահանման հետ կապված խնդիրները...

– Այստեղ միայն ծիրանը օրինակ բերելով` պետք է նկատի ունենաք նաեւ եղանակային անբարենպաստ պայմանները: Առհասարակ, այնպիսի տպավորություն է, որ «Ելք» խմբակցությունում մի մասը շատ հստակ ասում է` պետք է ԵՏՄ-ից դուրս գալ, իսկ մյուս մասը դեմ է դրան: Իսկ մեր քաղաքական թիմի դիրքորոշումներում որեւէ փոփոխություն չկա, մենք պետք է մեր համագործակցությունը շարունակենք ինչպես ԵՏՄ-ի, այնպես էլ Եվրամիության եւ այլ երկրների հետ:

«ԵԼՔԻՆ» ԸՆԴԱՄԵՆԸ ԱՄԲԻՈՆ ԷՐ ՊԵՏՔ»

– Ի վերջո, Ձեր գնահատմամբ` ի՞նչ նպատակ էր հետապնդում այս նախագիծն Ազգային ժողով բերելը, երբ այն կյանքի կոչվելու զրո տոկոս շանս ուներ:

– Ցավոք սրտի, ե՛ւ մենք գիտեինք, ե՛ւ իրենք գիտեին այդ մասին: Հետեւաբար,  եզրահանգումները թողնում են ձեզ: Այսինքն` նրանց ընդամենը պետք էր ամբիոն, պետք էր խոսել, որպեսզի կարողանան ընդհանուր հետաքրքրության կենտրոնում լինեն: Եվ այդ փաստերը, որոնք մենք ներկայացրինք, ինձ թվում է, որ դրանց ներքո` ընդհանրապես ի չիք է դառնում այդ հանձնաժողովի ստեղծումը եւ առհասարակ` նման հարցադրումը:

«Մեկ սերը տարիք չի հարցնում, մեկ էլ՝ բեմը». Արմեն Սանթրոսյան (Տեսանյութ)

– Ի դեպ, բուն Հայաստանի մասով ԵՏՄ անդամակցությունը դադարեցնելու նախագիծը դեռեւս ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում տապալվեց հենց «Ելքի» թեթեւ ձեռքով, քանի որ զեկուցող Էդմոն Մարուքյանն այդպես էլ չներկայացավ: Կարելի՞ է ասել, որ այդուամենայնիվ, «Ելքում» այդքան էլ ոգեւորված չեն ԵՏՄ-ից դուրս գալու գաղափարով:

– Իմ կարծիքն արդեն ասել եմ դրա մասին: Ըստ իս, հակառակ դեպքում ` նրանք կներկայացնեին միասնական ծրագիր: Մինչդեռ նրանք բաժանվել են երկու մասի` մի մասը շատ հստակ ասում է, որ պետք է դուրս գանք, մի մասն էլ ասում է` ուսումնասիրենք հետո: Սա, իհարկե, իրենց կանոնադրական իրավունքն է` սահմանված ԱԺ կանոնակարգ-օրենքով, բայց ինձ թվում է` այդ հարցի պատասխաններն ավելի հստակ կտան իրենք:

«ՊԱՐԶԱՊԵՍ ՊԱՏՐՎԱԿՆԵՐ ԵՆ` ԱՐԴԱՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՅՍ ՆԱԽԱԳԻԾԸ»

– Ամեն դեպքում, Ձեր դիտարկմամբ` արժանահավատ փաստարկներ հնչեցի՞ն` ԵՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտության մասին: Օրինակ, «Ելք»-ականները շեշտում էին, թե ԵՏՄ գործընկեր Ռուսաստանը մեզ թանկ գազ է վաճառում...

– Մենք այդ բոլոր փաստարկների պատասխաններն իրենց տվել ենք: Ինչ վերաբերում է գազի գնին, մենք էժանացման հետ կապված այնպիսի բավականին լուրջ առաջընթաց ենք ունեցել, որ նույնիսկ եթե ազատ տնտեսական պայմանագիրը ստորագրած լինեինք, այդպիսի թվեր չէինք կարող արձանագրել:

– Շատ խոսվեց այն մասին, թե այս նախագիծը կարող է ձեռնտու լինել իշխանություններին, քանի որ անուղղակիորեն կարող է զսպաշապիկ դառնալ Ռուսաստանի համար` Հայաստանին վերաբերող այս կամ այն խնդիրների հարցում: Կա՞ նման միտում:

– Ոչ-ոչ, դրանք պարզապես պատրվակներ են` արդարացնելու համար այս նախագիծը: Սա որեւէ կերպ մեր հարաբերությունների մեջ ինչ-որ բացասական կամ դրական գործոն չի կարող հանդիսանալ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА