o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻ «ՌԱՍԱՆ» ԵՎ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՌԵՖՈՐՄԸ

15.11.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻ «ՌԱՍԱՆ» ԵՎ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՌԵՖՈՐՄԸ

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ քննարկելու ժամանակ հնչեց այն անունը, որի շուրջ այնուհետ կրքեր բորբոքվեցին ինչպես ԱԺ-ում, այնպես էլ լրատվական դաշտում եւ սոցիալական ցանցերում: Այդ անունը տխրահռչակ Ջորջ Սորոսի անունն է: 
ՍՈՐՈՍԱՍԻՆՆԵՐԻՆ ՔՆՆԱԴԱՏԵԼԸ «ՌԱՍԻ՞ԶՄ» Է
Սույն պետականաքանդ միլիարդատիրոջ եւ ուսանողական հակաբանակային «բունտերի» կապը մենք արդեն ներկայացնելու առիթ ունեցել ենք: Ընդ որում` հենվելով Սորոսի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի պաշտոնական կայքէջում հրապարակվածի վրա: 
Այդ տեղեկատվությունը երեքշաբթի հնչեց ՍԻՄ նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանի ելույթում, ու Սորոսի տխրահռչակ դերի մասին միանգամայն բաց եւ միանգամայն պաշտոնական շրջանառության մեջ գտնվող տեղեկության բարձրաձայնումն ԱԺ ամբիոնից միանգամից հարուցեց ե՛ւ «Ելք» խմբակցության, ե՛ւ գրանտասին «քաղաքացիական հասարակության» վրդովմունքը: Այդտեղ ուշագրավ է «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանի հայտարարությունը: Նախ` նա հնչեցրեց բավականին, մեղմ ասած, տարօրինակ տեսակետ` ՀՀ շահերի մասին. «Մի քանի օր առաջ հրապարակվել է թշվառության ցուցանիշը, եւ Հայաստանը, ժողովրդի թշվառության առումով, վատ վիճակում է, այդտեղ մեծ տեղ ունի միլիտարիզացիան` ռազմականացվածության չափը: Ռազմականացման դեմ իրականացվող քարոզչությունը կամ ազատություն արտահայտելու հասարակության պահանջը պետական շահի բաղկացուցիչ մասն է: Դրա համար քարոզչություն իրականացրած դոնոր կազմակերպության վերաբերյալ հնչեցնել նման կարծիքներ, չի բխում ՀՀ շահերից»: Իսկ գրանտակեր կազմակերպությունների մասին Արտակ Զեյնալյանի հնչեցրածը պարզապես ցնցող էր. «Այս կազմակերպությունները փակելու կոչերը եթե ոչ ռասիստական են, ապա գոնե դեմ են ՀՀ շահերին»:
Պատկերացնո՞ւմ եք, սորոսասինների հավին քըշ ասելը ռասիզմ է: Այսինքն` նրանք այլ ռասայի՞ են պատկանում: Թերեւս պատգամավոր Զեյնալյանը կամա, թե ակամա կարեւոր խոստովանություն արեց` որ նախ` մեր գրանտակերները հայախոս չհայեր են, եւ երկրորդը` որ ինքը նրանց հետ սերտ կապ ունի: Միանգամայն հավատալու է, քանզի սորոսասինների արած գործերը միանգամայն հակահայկական են: Եթե հիշենք նաեւ այդ կոնտինգենտի սիրելի զբաղմունքներից մեկը` ծաղրել հայկական սրբությունները, հայկական մշակութային արժեքները, հայի գենը, հայ մեծերին, ապա չհայ լինելը միանգամայն տրամաբանական է: Եվ քանի դեռ «Սասնա ծռեր» էպոսը չեն հասցրել արգելել` որպես ռասիստական ստեղծագործություն, մեջբերենք այդտեղից մի փոքրիկ բանաձեւ. «Հորդ հերականն ասա, մորդ մերականն ասա»: 
ՑԻՆԻԿ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ ՊԱՏԵՐԱԶՄՈՂ ԵՐԿՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԴԵՄ
Այն, որ «ելքիստները» ցինիկ ձեւով են արտահայտվում պաշտպանության նախարարի մասին, հայտարարել է եւ պաշտպանության առաջին փոխնախարար Արտակ Զաքարյանը: Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հորդորեց ընդդիմադիրներին իրենց մտքերն ավելի հանգիստ արտահայտել: «Նույն տոնայնությամբ չեմ պատասխանի իմ գործընկերներին, բայց կցանկանայի ասել, որ այսօրվա պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մեր երկրի ամենաառանցքային քաղաքական գործիչներից մեկն է, եւ պատահական չէ, որ 2017թ.-ի ՀՀԿ ցուցակը գլխավորում էր Վիգեն Սարգսյանը: Նրա առաջնորդությամբ ՀՀԿ-ն ունեցել է կայուն մեծամասնություն»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը: Նրա խոսքով` ՊՆ առաջարկած ծրագրերն ու փոփոխությունները «ազգ-բանակ» գաղափարախոսության տրամաբանական շարունակությունն են, իսկ դրանց դեմ ընդվզումները հրահրում են այն մարդիկ, ովքեր չեն ուզում հզոր բանակ ունենալ»:
Իսկ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը հորդորեց չմոռանալ, որ պատերազմող երկրի պաշտպանության նախարարը տարբերվում է սովորական նախարարից. «Կարծես թե, ոմանք մոռացել են, որ գտնվում ենք պատերազմական վիճակում, եւ այսօր հազարավոր մեր երեխաներ կանգնած են սահմանին` թուրքի զենքի դեմ դիմաց եւ ուղիղ նայում են թշնամուն` վախեցնելով ու սարսափեցնելով նրանց, բայց ոմանք Երեւանում դրա մասին մոռանում են: Իսկ սորոսներն ու դրանց նմանները ու դրանց ծառաները պատվիրում են, որպեսզի մենք թուլացնենք մեր բանակը, փող են տալիս..., որպեսզի կարդամ Սորոսի գրանտի փաստաթղթից վերջնական պահանջ, որ պետք է ապացուցել, որ ՀՀ անվտանգությունը կարելի է կազմակերպել առանց հետագա ռազմականացման: Ճանաչեք Արցախը, ճանաչեք Ցեղասպանությունը եւ պատժեք Ցեղասպանությունն իրականացնողներին եւ հետո համոզեք, որ կարելի է չռազմականացվել: Տպավորություն է ստեղծվել, որ Նիկոլ Փաշինյանին եւ գործընկերներին անհանգստացրեց  Սորոսի հանդեպ իմ բնորոշումները եւ խիստ քննադատությունը: Համենայնդեպս, դուք սովոր եք եւ գտնում եք, որ պետք է էթիկայի շրջանակում լինեն բանավեճերը, բայց ձեր արտահայտությունները վիրավորական են: Կոչ եմ անում պահել ձեր կոչը, պահել էթիկայի սահմաններում բանավեճը: Շատ լավ է, որ Ն. Փաշինյանը գնահատում է իմ հետեւողականությունը, գրանտակերների դեմ քննադատությունը: Ես եւ ՍԻՄ-ը միշտ ասել ենք, որ պետք է ահամանափակել այդ գրանտների տրման կարգն ու ձեւը: Ես կողմ չեմ եղել ՀԿ-ների մասին օրենքին եւ ընդունում եմ Նիկոլ Փաշինյանի` Սորոսին եւ սորոսների փակման հետ կապված առաջարկը` ստեղծենք նախագիծ եւ երկուսով ստորագրենք դրա տակ: Կարելի է քննադատել յուրաքանչյուր պաշտոնյայի, կարելի է չհամաձայնել պաշտպանության նախարարի հետ, ես էլ որոշ հարցերում համաձայն չեմ, բայց կոչ եմ անում, պետք է հասկանալ, որ պատերազմական երկրի պաշտպանության նախարարը տարբերվում է սովորական նախարարից եւ սովորական իրավիճակում գտնվող երկրից: Կոչ եմ անում նաեւ ձեզ թույլ չտալ նման ձեւով քննադատել պատերազմող երկրի պաշտպանության նախարարին, որովհետեւ ձեզ լսում են զինվորականներ, գեներալներ եւ այլն»:
ՈՉ ՄԻ ՏԵՂ ՏԱՆՈՂ «ՊԱՅՔԱՐ»
Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը հույս հայտնեց, որ դասադուլավոր երիտասարդությունը դեռ կվերադառնա կառուցողական քննարկումների դաշտ` շեշտելով, որ հարգում է նրանց պայքարն ու պայքարողներին, բայց... Դասադուլավորները որոշեցին անցնել նստացույցի, եւ ոմանք անգամ հացադուլի մասին հայտարարեցին: Հուսանք, որ առավել ծայրահեղ բաների չի հասնի, հացադուլավորներն էլ կսահմանափակվեն ընդամենը ամեն ինչ զուտ առանց հացի ուտելով, սակայն, կարծես թե, դասադուլավորներին դեռեւս ձեռ է տալիս լինել «մասովկա»` տարատեսակ «գրանտ կպցնողների» համար: Բնականաբար, «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը խրախուսեց ուսանողներին շարունակել այդ` ոչ մի տեղ տանող պայքարը. «Ես միակն էի, որ չէի լսում` ինչ է կատարվում դահլիճում, ականջակալներով լսում էի` ինչ է կատարվում այստեղ: Ես ուզում եմ` դուք լուծումներ գտնեք, ձեր միտքն ավելի պրպտուն է: Այսպիսի՞ ուժեր են երիտասարդության առաջ ընկրկել»: Բայց լավ է, գոնե կոչ արեց դադարեցնել հացադուլը: Ի դեպ, նույն կոչով ուսանողներին դիմել է եւ ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը` մատնանշելով, որ այս օրենքը ամենեւին էլ չի խանգարում գիտությանը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ԱԺ դահլիճում շեշտեց այն հանգամանքը, որ վերջին 25 տարվա` տարկետման հայց ներկայացնողների 90-95 տոկոսը պատճառաբանել է, որ պետք է ատենախոսություն պաշտպանեն. «Վիճակագրությունը նայեք, քանի՞սն են դարձել գիտնականներ, ինչո՞վ ենք մենք վնաս կամ օգուտ տվել գիտությանը: Հնարավորություն ունեցողներն իրենց երեխաներին խցկում էին այդտեղ, եւ նույնիսկ ես` որպես գիտության մարդ, ամաչում էի այդ քննարկումներին եւ քվեարկություններին մասնակցել, որտեղ պիտի ձեռք բարձրացնեի եւ այդ մարդկանց շնորհվեր գիտության թեկնածուի կոչում: Այն մարդը, որը ջիղ ունի եւ Աստծո կողմից օժտված է գիտնական դառնալու, այս օրենքը որեւէ ձեւով նրան չի խանգարում եւ որեւէ վնաս մեր գիտությանը ու կրթությանը չի տալիս»: 
Ահա այդպիսի բաներ: Ստացվում է, որ ոչ քիչ թվով արական սեռին պատկանողներ պետպատվերով մտնում են բուհ եւ ստանում մասնագիտություն, որը նրանց պետք չէ, հետո պաշտպանում ատենախոսություն եւ ստանում գիտական կոչում, որը նույնպես նրանց պետք չէ, քանզի գիտնական չեն էլ պատրաստվում դառնալ, այլ զուտ ձգտում են խուսափել զինապարտությունից: Եվ պայքարել այդ աբսուրդը պահպանելու համար, մեղմ ասած, հասկանալի չէ: Չնայած «պայքարի» տիկնիկավարների նպատակները էլ ավելի հեռու են գիտությունից, քան գիտության անունով երդվող, բայց դասալիքի հոգեբանություն ունեցող որոշ երիտասարդներինը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ռումինիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման կոչ է հնչել

 
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА