ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԶԳ-ԲԱՆԱԿԸ` 2018-Ի ԿԵՆՍԱԿԵՐՊ

26.12.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱԶԳ-ԲԱՆԱԿԸ` 2018-Ի ԿԵՆՍԱԿԵՐՊ


Առաջնագիծը աչալրջորեն հսկող մեր զինծառայողները, բնականաբար, նույնպես նշելու են Ամանորը եւ Սուրբ ծնունդը: Նշելու են` նաեւ այդ ուրախության պահին զենքերը ձեռքներից վայր չդնելով: Այս տոնածառն էլ ամբողջովին կազմված է ռազմամթերքից եւ ցանկացած պահի պատրաստ` մահ սփռելու ոսոխի շարքերում: 
ԶԵՆՔԻՆ ԱՆՀԱՂՈՐԴ ՎԵՑ ՀԱԶԱՐ «ԳԻՏՆԱԿԱՆ»
Ու մինչ մեր ազգի սերուցքը` մեր ռազմիկները տարվա ամենաուրախ տոնն անցկացնում են խրամատում, բաց երկնքի տակ, անկախ ցրտից եւ եղանակի քմահաճույքներից, թիկունքում կա մի խավ, որը, վայելելով այդ տղաների ստեղծած ապահովությունը, ձգտում է ամեն կերպ չհամալրել նրանց շարքերը: Դեռ «նախաձեռնություն» էլ ունեն` «Հանուն գիտության զարգացման» ճոռոմ անունով: Եվ «գիտակրթական» տարկետումների, բարեբախտաբար իր վերջը գտած արատավոր պրակտիկայի շնորհիվ այսօր ունենք վեց հազար «գիտնականներ», ովքեր ոչ միայն չգիտեն ռազմական գործը, այլ հավանաբար նույնիսկ տեղյակ չեն, թե զենքը որ կողմից են բռնում: Վեց հազար «գիտնական», այսինքն` մի ամբողջ բանակ... Եթե նրանք լինեին իրոք գիտնականներ, ապա Հայաստանն արդեն պետք է հասած լիներ գիտության աներեւակայելի բարձունքների: Բայց ո՞ւր են այդ նվաճումները, եւ գիտական աստիճանակարգով առաջադիմողները` մագիստրոսները, ասպիրանտները, նաեւ ատենախոսություն պաշտպանելու համար տարկետում վերցնողները շարունակո՞ւմ են արդյոք գիտության հետ առնչվող գործունեություն: Մեծամասամբ` ոչ, մեծամասամբ նրանց բուռն «գիտական գործունեությունը» ավարտվում է 27 տարին լրանալուն պես: Իսկ հետո ինչո՞վ են զբաղվում` շատ զգալի մասը, ժողովրդի խոսքով ասած, «դիվան են քշում»` օրը լցնելով սոցիալական ցանցերը դժգոհիկ գրառումներով լրացնելով... Ուրեմն ի՞նչ, նրանց կոչենք իրական անունով` դասալիքներ: Մի հոգեբանություն, որը 1920-ին կործանեց Առաջին հանրապետությունը: Մի հոգեբանություն, որ անթույլատրելի շռայլություն է մեր երկրի համար, որը գտնվում է 2018-ին բարդագույն մարտահրավերների շրջան տեղափոխող տարածաշրջանում, սրընթացորեն փոփոխվող 21-րդ դարի միջավայրում: Մարտահրավերներ, որոնք պարունակում են ե՛ւ մեծագույն ռիսկեր, ե՛ւ մեծագույն նոր հնարավորություններ: 
Բարեբախտաբար, ազգ-բանակ հայեցակարգը առաջ է մղվում ամենաբարձր պետական մակարդակով: Այսօր Բաղրամյան 26-ում կհյուրընկալվեն նաեւ ՀՀ ԶՈՒ զինծառայողների, Արցախյան ազատամարտում, ինչպես նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, հաշմանդամ դարձած զինվորների, Երկրապահ կամավորական միության, ՀՀ ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ընտանիքների երեխաներ եւ թոռնիկներ: Իսկ նախօրեին ՀՀ նախագահի նստավայրում հյուրընկալվել էին հազարից ավելի փոքրիկներ: 
Եվ եթե աշխատանքային, այդ թվում եւ` միջպետական հանդիպումների խիտ գրաֆիկում Գերագույն գլխավոր հրամանատարը երկու օր հատկացնում է մատաղ սերնդի հետ հանդիպումներին, ապա ուրեմն այդ ընդունելությունը համարվում է տարվա կարեւորագույն ընդունելություն: 
ԵՐԱԶԱՆՔԻ ԵՎ ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Մինչ քաղաքական դաշտի մեծ մասը նախատոնական եռուզեռի մեջ է, իսկ համապատասխան ծառայությունները պատրաստվում են շուրջօրյա ռեժիմի, նախագահ Սերժ Սարգսյանը այսպիսի ուղերձ հղեց իր փոքրիկներին. «Բոլորդ պետք է շատ հստակ գիտակցեք, որ ձեր երազանքների իրականացումը կախված է նաեւ ձեզնից:
Ովքեր սովորում են` պետք է լավ սովորեն, որպեսզի ձեր ավագները, ձեր ծնողները տեսնեն, որ դուք էլ եք ուզում, որպեսզի ձեր երազանքները կատարվեն: Այստեղ երեխաների մի մասը, հավանաբար, իր երազանքների մեջ շատ մեծ բաներ է ուզում: Հավատացեք, եթե 2018 թվականին այդ երազանքները չիրականանան, դրանք իրականանալու են 2019 թվականին, 2020 թվականին. միշտ պետք է երազել: Եվ որպեսզի, երբ դուք դառնաք, օրինակ, Ձմեռ պապիկի տարիքի չափ, կարողանաք հիշել, ասել` ահա, ես այսքան երազանքներ եմ ունեցել, եւ այսքանը իրականացել է: Ձմեռ պապիկն էլ ունի երազանքներ, նա ցանկանում է, որ մեր երեխաները միշտ առույգ, զվարթ լինեն, միշտ ծիծաղեն, որպեսզի մեր բոլոր երեխաները լավ սովորեն, որ որեւէ բանի կարիք չունենան: Նույնը ցանկանում է Ձյունանուշիկը: Դրա համար էլ իրենք այս օրերի ընթացքում հանդիպում են շատ-շատ երեխաների հետ, եւ իրենք էլ գիտեն` այն երեխաների երազանքն է իրականանում, ովքեր ձգտում են դրան»,- ասել է հանրապետության նախագահը եւ խնդրել երեխաներին Ձմեռ պապի եւ Ձյունանուշի ներկայությամբ հնչեցնել իրենց ցանկություններն ու երազանքները:
Դա շատ կարեւոր ուղերձ է, քանզի մեր երկրի ձախողումների ու անհաջողությունների մեծ մասը պայմանավորված է ոչ միայն սխալներով եւ արտաքին ոչ նպաստավոր միջավայրով, այլ, նախեւառաջ, մեր քաղաքացիներից շատերի կողմից երազանքի կորստով: 
Ու տոների շրջանը հենց մի պահ դադար վերցնելու, առօրյայից կտրվելու, ֆունդամենտալ բաների մասին մտորելու հարմար առիթ է: Իզուր չէ, որ հազարամյակներ շարունակ մեր նախնիների համար տոներն ունեին ազգի համար կենսական նշանակություն ունեցող այս կամ այն զորության նորոգման, վերաթարմացման խորհուրդը: 
ԻՆՉ ԱՐԵՑԻՆՔ ԵՎ ՉԱՐԵՑԻՆՔ 2017-ԻՆ
Տարվա ընթացքում արդեն Նոր սահմանադրությանը համապատասխան ձեւավորվեց նոր խորհրդարանը` էապես ավելի լայն գործառույթներով եւ լիազորություններով: Ընդունվեցին բազմաթիվ օրենքներ, որոնք դաշտը համապատասխանեցնում են խորհրդարանական կառավարման մոդելին: Քաղաքական դաշտն էլ մաքրվեց հավերժ անհաջողակներից, «ամեն ինչ, կամ ոչինչ» ծայրահեղական սկզբունքով առաջնորդվող մարգինալ տարրերից: Նաեւ աստիճանաբար արմատավորվեց այն սկզբունքը (որի մասին, ի դեպ, նշեց ՀՀ նախագահը ԱԱԾ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ), որ մեզանում ուժ կիրառելու բացառիկ իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը: 
Բայց միաժամանակ ընդդիմությունը չհասավ անհրաժեշտ հասունության մակարդակի, դեռեւս չհարմարվեց կառուցողական աշխատանքի ձեւաչափին, դեռեւս հրաժեշտ չտվեց այս կամ այն գերտերության մայրաքաղաքից աջակցություն ստանալու, այսինքն` 5-րդ շարասյան ամոթալի գործառույթ կատարելու դրսեւորումներին: Անշուշտ, դրան նպաստեցին նաեւ որոշ դիվանագիտական հաստատությունների, մեղմ ասած, ոչ դիվանագիտական միջամտությունները, սակայն քաղաքական ուժի հասունության չափորոշիչներից մեկը հենց այդպիսի գայթակղություններին տուրք չտալն է: 
Բայց, բնականաբար, իդեալից հեռու է եւ քաղաքական մեծամասնության աշխատանքը: Դեռ ոչ բոլորն են ընտելացել այն մտքի հետ, որ պատգամավորի հիմնական գործը օրենքների հետ աշխատելն է, քաղաքականություն մշակելն է, իր իսկ ներկայացրած քաղաքական ուժի ծրագիրն առաջ մղելն է, եւ նոր միայն մնացյալ ամեն ինչը: 
Գործադիրն էլ չի կարելի ասել, որ ապահովեց սպասելիքների իրականացում: Ճիշտ է, որոշակի տնտեսական աճ, տնտեսական աշխուժության տեղաշարժ տեսանք, բայց այդ ամենը դեռեւս «յոլա գնալու» տրամաբանության շրջանակներում, գործնականում չտեսանք ճեղքումային նախաձեռնություններ: Իսկ որոշ չինովնիկներ, հայտնի ֆիլմի հերոսի խոսքով ասած` «խայտառակել ռեսպուբլիկա»: 
Ինչեւէ, 2018-ի գարնանը ամբողջանում է մեր երկրի անցումը ամբողջական խորհրդարանական մոդելի, ինչն ավելի խիստ պահանջներ է դնում  ե՛ւ օրենսդիրների, ե՛ւ պետական բյուրոկրատիայի, ե՛ւ տեղական ինքնակառավարման օղակների առջեւ: Ովքեր չհարմարվեն, դուրս կմնան հորձանուտից: Բայց նաեւ մեր քաղաքացիները անելիքներ ունեն: Զորօրինակ, անկախ պետականության անընդմեջ քառորդ դարի շարունակելության պայմաններում պետք է որ հրաժեշտ տված լինեինք այնպիսի երեւույթին, իբր թե ամոթ է կաշառակերի եւ գանձագողի մասին իրավասու մարմիններին տեղեկացնելը: Պետական, քաղաքացիական մտածողության շրջանակներում չի կարող տեղի ունենալ հանցավոր ճանապարհով «ընտանիք պահելը» արդարացնելը, լինի դա գանձագողություն, կոռուպցիա, թե` շպիոնօնիկի փեշակը: 

Անբարո կենսակերպը քարոզվում է որպես բնական երևույթ և նորմ. Հայկ Նահապետյան

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА