ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՆԵՐՔԻՆ ՃԱԿԱՏՈՒՄ» ԱՌԱՆՑ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ

21.02.2018 19:15 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ՆԵՐՔԻՆ ՃԱԿԱՏՈՒՄ» ԱՌԱՆՑ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ

Ֆանտաստիկա` Արցախյան շարժման 30-ամյակին ՀԱԿ-ը անցկացրեց «միացումաբույր» տոնական հանրահավաք: Ազատության հրապարակում ցուցահանդես էր, բերվել էին 1988-ի` արդեն թանգարանային նմուշ դարձած պաստառները, անգամ նույն 1988-ի շեփորահար Աշոտը հնչեցրել էր հենց այն շեփորը, որը հնչում էր 1988-ի հանրահավաքներին:

ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ «ԱՐԵՎՄՏՅԱՆ ՃԱԿԱՏՈՒՄ»` ԱՌԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

«ՄԻԱՑՈՒՄ» ԿԱՐԳԱԽՈՍԸ ԿՐԿԻ՞Ն ԱՐԴԻԱԿԱՆ Է

Ծերուկ Տեր-Պետրոսյանը ելույթ չէր ունեցել, ուստի տոնական օրը չէր հարամվել թրքասեր «խաղաղասիրական» եւ «փոխզիջումային» թունավոր խոսքով: Երեւի թե, առաջին նախագահը լավ էր հաշվարկել, որ դա ունի գործնականում զրոյական պահանջարկ, եւ բացի վարկաբեկումից, ուրիշ ոչինչ չի բերի: Ուստի, ՀԱԿ-ի միջոցառումը հիմնականում «նոսթալգիկ» բնույթ ուներ, իսկ բերված թանգարանային նմուշները հիշեցնում էին 1988-ի մթնոլորտը: Ավելին, ՀԱԿ-ը պատրաստվում է այդ թանգարանային ցուցադրությունով շրջել հանրապետությունով մեկ: Դե, եթե դիտարկենք Արցախի մեծ ու փոքր բնակավայրերի տոնական կադրերը, ապա կտեսնենք այդ նույն «Միացում» կարգախոսը, իսկ տոնական հանրահավաքները շատ բազմամարդ էին եւ ճոխ: Այդտեղ «Միացում» կարգախոսը կրկին շեշտադրելը թերեւս կարեւոր է, քանզի, ըստ քաղաքագետ Հրանտ Միքայելյանի անցկացրած ուսումնասիրության, տագնապալիորեն երիտասարդության մինչեւ 61 տոկոսը հրապուրված է «առանձին պետության» խաբկանքով:

Ինչեւէ, վերադառնանք Երեւան: Իսկ այստեղ Սերժ Սարգսյանի տոնական ուղերձը, ըստ էության, Մյունխենում նրա կոշտ ելույթի շարունակությունն էր: Ըստ ՀՀ նախագահի գնահատականի. «Մոնթեն ճիշտ էր ասում, երբ պնդում էր, որ եթե կորցնեինք Արցախը, կշրջեինք հայոց պատմության վերջին էջը: 1988 թվականի փետրվարի 20-ը հայ ժողովրդի միասնության, վճռականության եւ ազգային զարթոնքի պահն էր»: Երկրի ղեկավարը նաեւ շեշտեց. «Մեր հասարակական գիտակցության մեջ գուցե եւ արդարացված ընկալում կա, որ արվածը բավարար չէ: Ուստի, մենք անընդհատ պետք է բարձրացնենք մեր պահանջների եւ ակնկալիքների նշաձողը: Որպես ժողովուրդ եւ պետություն` մենք դեռ շատ գործ ունենք անելու: Հսկայական անելիք կա բոլոր ասպարեզներում, բայց այն, ինչ միասին արել ենք անցած 30 տարիների ընթացքում, երբեմն` ծանրագույն պայմաններում, իսկապես քիչ չէ: Ակնհայտ է` սա վերջին դարերի հայոց պատմության թերեւս ամենակարեւոր երեսնամյակն է: Մենք անելու ենք անհամեմատ ավելին եւ կրկին համարելու ենք, որ քիչ է»:

ԸՆՏՐԱՐՇԱՎ` ԱՌԱՆՑ ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵ՞ՐԻ

Եվ թող զարմանալի չթվա, տոնական օրով «Միացում» կարգախոսը շեշտեց նաեւ այնպիսի ծայրահեղական գործիչը, ինչպիսին է Զարուհի Փոստանջյանը: Նա մասնավորապես շեշտեց. «Արցախյան շարժման 30-ամյա հրաշալի բեկումը կարիք ունի կասեցումից դուրս բերելու եւ նորովի շարժման մեջ դնելու:

Արդի աշխարհում մեր ազգի եւ մեր պետականության լուրջ ու ծանրակշիռ կարգավիճակն ամրագրելու համար մեզ կրկին անհրաժեշտ է բեկումնային շարժում` ՄԻԱՑՈՒՄ կարգախոսի ներքո»:

Եվ քաղաքական առաջնորդություն` Արցախյան շարժման բեկումնային հերոսներ Արթուր Մկրտչյանի, Լեոնիդ Ազգալդյանի եւ Մոնթե Մելքոնյանի կերպարներով: ՄԻԱՑՈՒՄ` Հայկական երկու պետությունների: ՄԻԱՑՈՒՄ` Հայաստան-Սփյուռք մեկ քաղաքական մարմնում: ՄԻԱՑՈՒՄ` արդի Հայկական պետականության` առայժմ դեռ 42 հազար քառակուսի կիլոմետր քաղաքական քարտեզի ներքո, 10 միլիոնը գերազանցող քաղաքական իրավունքներով հայությամբ»:

 

ԻՍԿ ՆԵՐՔԻՆ ԴԱՇՏՈՒՄ` ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՀԱՆԴԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է

Այժմ, կարծես թե, ամբողջ քաղաքական դաշտը համակերպվել է այն իրողությանը, որ սահմանադրական անցման առաջիկա փուլում առանց անակնկալների տեղի են ունենալու ՀՀ նոր նախագահի եւ վարչապետի ընտրությունները` ԱԺ մեծամասնության կողմից: Այս փուլում, թերեւս, բացի մանր-մունր ինտրիգներից, առանձնապես բան սպասելի չէ ՀՅԴ-ից եւ Ծառուկյան դաշինքից: Այն, որ պաշտոնապես ընդդիմադիր կարգավիճակ ունեցող Ծառուկյան դաշինքը նման բաներով է զբաղված, նորմալ է, սակայն արտառոց ու տգեղ է դիտվում ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի պարագայում:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԼՈԲԱԼ ՑՆՑՈՒՄՆԵՐԻՑ ԴԵՌ ԶԵՐԾ ԿՄՆԱ

Ինչեւէ, Ծառուկյան եւ «Ելք» դաշինքների կողմից գործնականում բոլոր առիթներով աղմուկ բարձրացնելու գործողություններ կլինեն, ինչպես խորհրդարանական լսումների, այնպես էլ ԱԺ լիագումար նիստերի ժամանակ: Պարզապես էական տարբերությունն այն է, որ «Ելքը» ավելի ու ավելի է հակվում սադրիչ վարքագծի գործելակերպին` դրանով նմանություն ձեռք բերելով  «Երկիր ծիրանիի» հետ: «Երկիր ծիրանին» էլ, բնականաբար, շարունակում է իր «լաչառ» գործելակերպը քաղաքապետարանի շենքում: Մասնավորապես, Զարուհի Փոստանջյանը քաղաքապետարանի վարորդներին շենքում բռնացրել է բլոտ խաղալիս եւ անասելի աղմուկ բարձրացրել: Բայց «Երկիր ծիրանիի» ֆեմինիստուհիների կոյուղաջրային խուլիգանությունից հետո քաղաքապետարանի «կանոնակարգիչ» միջոցառումները կարծես ավելի շատ կոտրվում են, ոչ թե աղմկարար եւ կարգազանց «ցոգոլների», այլ` լրագրողների գլխին, ու շենքի տարածքում լրագրողների աշխատանքի նոր կարգի առնչությամբ արդեն մեծ աղմուկ են բարձրացրել, ինչպես «Ելք» դաշինքը, այնպես էլ` բազում ՀԿ-ներ: Եվ եթե տգեղ գործողությունները կասեցնելու կամ կանխարգելելու փոխարեն շարունակվի հայելին հեռու տանելու գործելակերպը, ապա, թերեւս, քաղաքականացված աղմուկները մայրաքաղաքի ավագանիում կլինեն ավելի շատ, քան` երկրի խորհրդարանում:

Իսկ ընդհանուր առմամբ, ՀՀ քաղաքական ուժերը, կարծես թե, որոշակի պաուզա են վերցրել:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА