ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

21.02.2018 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

ԳԱԳԻԿ ՍՈՒՐԵՆՅԱՆ մի ասա, կրակ ու պատիժ ասա: Ահա թե ինչ զարմանալի բան է նա ասում Եվրոպայի մասին. «Փետրվարի 22-ից սկսած սաստիկ սառնամանիքներ են կանխատեսվում Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում: Արկտիկական ցուրտ օդային հոսանքները Արեւմտյան Սիբիրից ներխուժում են Ռուսաստանի եվրոպական մաս, իսկ այստեղից` դեպի Եվրոպա` հասնելով մինչեւ Իսպանիա եւ Պորտուգալիա: Ըստ կանխատեսումների` Եվրոպայի առանձին հատվածներում օդի ջերմաստիճանը կհասնի -25...-30 աստիճանի, որը կպահպանվի բավականին տեւական ժամանակ»: Այսինքն` եվրոպացիներին ցուրտը տանելու է: Սակայն նման արհավիրքներ մերոնց չեն սպառնում. «Հայաստանը այս անգամ նույնպես դուրս է մնում ցուրտ օդային հոսանքների ներխուժման գոտուց` մեզ մոտ ճիշտ հակառակ երեւույթն է տեղի ունենում` հարավ-արեւմուտքից ակտիվանում են արեւադարձային տաք օդային հոսանքները, ինչի արդյունքում մինչեւ փետրվարի 25-ը օդի ջերմաստիճանը երեկվա համեմատ աստիճանաբար բարձրանալու է 5-6 աստիճանով»:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ քաղաքական եղանակի տեսության ոլորտում մեզ զարմացրեց «Ելք» խմբակցության ղեկավար ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ` հայտարարելով. «Էս առաջիկա քաղաքական պրոցեսն ունի մի առանձնահատկություն` շատ կանխատեսելի է: Ամսի 9-ին նորընտիր նախագահը ստանձնելու է պաշտոնը, Սերժ Սարգսյանը հեռանալու է պաշտոնից, կառավարությունը հրաժարական է տալու, այսինքն` մենք չենք ունենալու գործող կառավարություն, լինելու են պաշտոնակատարներ: Ապրիլի 9-17-ը տեղի է ունենալու վարչապետի թեկնածուների առաջադրումը: Ամսի 18-ին տեղի է ունենալու վարչապետի ընտրությունը: Հիմա բոլոր հարցերը պետք է լուծվեն կամ չլուծվեն էդ ժամանակահատվածում»: Զարմանալի է, Նիկոլն ի՞նքն է հավատում, որ ապրիլյան այդ օրերին հնարավոր է սարեր շուռ տալ, թե` փորձում է հանրությանը մոլորեցնել այդ հեքիաթով:

Շատերը զարմացել էին, թե ինչպես պատահեց, որ փետրվարի 20-ի տոնական հանրահավաքին ՀԱԿ փոխնախագահ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ չէր խոսում ո՛չ «ավազակապետության կազմաքանդումից», ո՛չ «հանցավոր ռեժիմից» եւ ո՛չ էլ «անխուսափելի փոխզիջումներից»: Դե, որ «ավազակապետության» անունը տալիս էր Լյովիկ Զուրաբյանը, դա «հաշիվ չի», քանզի քաղաքական այդ անհաջողակն այլ կերպ չի էլ կարող: Սակայն զարմանալիորեն պարզվում է, որ Արամ Մանուկյանը դրանից ավելի վաղ դառնությամբ փիլիսոփայել էր. «Ժողովուրդն ասում է` խելոք, համարձակ բաներ ասողի գլուխը ծակ է: Մեզ չէր հետաքրքրում, որ բոլորը մեզ սիրեն մեր ասածների համար: Քաղաքական գործիչն ասում է այն, ինչը համարում է ճիշտ, այդ պահի համար խիստ անհրաժեշտ»: Դա լավ է, որ Մանուկյանը ողջամտություն է դրսեւորում եւ հիշում, թե քաղաքական դաշտում ում գլուխն է ծակ: 

ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, մեր երկրում ամեն մի տաքսիստ եւ վարսավիր հմուտ քաղաքագետ է, իսկ ցանկացած մտավորական` քաղաքագիտության հանճար: Սակայն մեզ հաճելիորեն զարմացրեց գրող, դրամատուրգ ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԸ` հայտարարելով. «Եկեք շատ չցնցենք մեր երկիրն ու միանգամից շատ մեծ պահանջներ չդնենք, այլ հասկանանք, որ Հայաստանն այդ պահանջները բավարարող երկիրը չէ, գոնե առայժմ, շատ օբյեկտիվ պատճառներով: Կարողանանք սիրել ու մի կողմ թողնել եսասիրական մեծ պահանջները: Եկեք սիրով մոտենանք եւ քիչ ցնցենք: Կոչ չեմ անում իշխանություն պահպանել կամ փոխել, դա իմ գործը չէ: Իհարկե, ամեն ինչ պիտի փոխվի, բայց անցնցում, ծեծված թեմա է, բայց դրսից ունենք մեծ սպառնալիքներ, ունենք վատ հարեւաններ, նույնիսկ լավ համարվողը շատ խորամանկ է, ինչպես քաղաքականության մեջ միշտ եղել է»:

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА