ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌԵԱ՞Լ ԵՆ ԱՐՑԱԽՅԱՆ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՃԱԽԱԿԻԱՑԱԾ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

28.02.2018 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՌԵԱ՞Լ ԵՆ ԱՐՑԱԽՅԱՆ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ  ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՃԱԽԱԿԻԱՑԱԾ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

Վերջին ժամանակներս ղարաբաղյան բանակցություններում ժամանակավոր դադար է տիրում, եւ դա սպասելի էր: Հայաստանում, Ադրբեջանում, ՌԴ-ում իշխանական համակարգերի վերաձեւավորման փուլ է, որի ընթացքում բանակցությունները չեն կարող շարունակվել:

Ադրբեջանը մեծացնում է ռազմական բյուջեն

 

ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՆԱԽԿԻՆ ԴԵՍՊԱՆ

Չնայած դրան, ընտրություններից հետո հնարավոր զարգացումների մասին հրապարակային, այդ թվում՝ միանգամայն հեղինակավոր աղբյուրների կողմից հնչեցվող գնահատականների պակաս չկա: Իսկ դա նշանակում է, որ ինչքան էլ բուն բանակցությունները կանգ են առել, խորքային զարգացումները, այն էլ՝ բուռն ընթացքով շարունակվում են: Թեեւ հիմնականում գնահատականներն այն մասին են, որ ընտրական գործընթացից անմիջապես հետո բանակցությունները կտրուկ կակտիվանան, սակայն դրա հետ մեկտեղ՝ ԱՄՆ-ից լսվող կարծիքները  հնչեցին ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Քոութսի «Համաշխարհային սպառնալիքների գնահատում» 2018 թ. զեկույցում, որում տեսակետ է ներկայացված, որ այս տարի հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման վտանգը բավականին մեծ է: Դրան հաջորդեց արեւմտյան մեկ այլ ոչ պատահական ներկայացուցչի՝ Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող, ղարաբաղյան հակամարտության հետ կապված, մեծ փորձ ունեցող Թոմաս դե Վաալի՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցը: Դրանում փորձագետը, թեեւ այն միանշանակ կարծիքին է, թե՝ «Լեռնային Ղարաբաղը կմնա հայերի ձեռքում, իսկ ադրբեջանական շրջանները կվերադարձվեն Ադրբեջանին», բայց նաեւ, որ «Կոնֆլիկտը կարող է շարունակվել դեռ 20, 30 տարի»: Առանձնացնենք այս վերջին միտքը. եթե հակամարտությունը դեռ երկու-երեք տասնամյակ շարունակվելու է, ապա դա նշանակում է, որ առաջիկայում սպասվող բանակցային ակտիվացումից որեւէ դրական հույս չկա: Իսկ այդ դեպքում կարող է աճել նոր պատերազմի վտանգը: Այսինքն, այն տպավորությունն է, որ անգլոսաքսոնիզմի աշխարհաքաղաքական խաղերի կազմակերպման օղակներից մեկը հանդիսացող Քարնեգի հիմնադրամն իր ավագ գիտաշխատողի շուրթերով նուրբ ակնարկ է հնչեցնում ԱՄՆ Ազգային հետախուզության պատերազմական տեսակետի օգտին: Իհարկե, կարելի էր նաեւ մտածել, թե ԱՄՆ Ազգային հետախուզության եւ Քարնեգի հիմնադրամի ակնարկների մեջ կապը, եթե անգամ կա, ապա պատահականության արդյունք է: Բայց այդ տարբերակի հավանականությունն էապես նվազեց, երբ ամերիկյան մեկ այլ հեղինակավոր աղբյուր եւս սկսեց պատերազմի հնարավորության մասին խոսել: Այսպես, Ադրբեջանում նախկին դեսպան, Մեյսոն համալսարանի պատվավոր պրոֆեսոր Ռիչարդ Կոզլարիչը նախ այն ընդունված կարծիքը կիսեց, թե. «Հայաստանում, Ադրբեջանում եւ Ռուսաստանում ընտրական գործընթացների ավարտից եւ իշխանության վերարտադրությունից հետո կարող է հնարավորություն առաջանալ ղարաբաղյան հիմնախնդրի բանակցված կարգավորման համար...»: Ու անմիջապես էլ, թե. «Կամ էլ ընդհակառակը՝ կարող են վերսկսվել ռազմական գործողությունները»: Առաջին հայացքից Կոզլարիչի ասածն անլուրջ տեսք ունի. նրա ասածն այս համեմատական իմաստն ունի՝ վաղը կարող է անձրեւ գալ կամ, ընդհակառակը, չգալ...

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐԸ ԱՐԵՆԻԻՑ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՅՈՒՐ ՄԵՏՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԻ ՔԱՆԻ ԿԻԼՈՄԵՏՐԻ ՎՐԱ ԵՆ

Սակայն Կոզլարիչը լուրջ դիվանագետ է, նրա ասածին ավելի խորքային իմաստով նայենք: Սկսենք առաջին մասից, որտեղ նախկին դեսպանը միանգամայն հնարավոր է համարում ոչ միայն ղարաբաղյան բանակցությունների ակտիվացումը, այլ, որ այն կարող է հասցնել մինչեւ իսկ «հիմնախնդրի բանակցված կարգավորման»: Եվ եթե տարածաշրջանային եւ ղարաբաղյան անցուդարձերից քաջատեղյակ անձնավորությունը նման սպասելիքներ ունի, դա նշանակում է, որ կան գլոբալ ուժեր, որոնք ակտիվորեն աշխատում են «հիմնախնդրի բանակցված կարգավորման» ուղղությամբ, ընդ որում, ունեն դրան հասնելու հնարավորություններ: Եվ սրան զուգահեռ, երբ նախկին դեսպանը չի բացառում, որ «հիմնախնդրի բանակցված կարգավորման» փոխարեն կարող են «վերսկսվել ռազմական գործողությունները», սա էլ բավականին թափանցիկ ակնարկ է, որ կան նաեւ եթե ոչ այդ ուղղությամբ գործող, ապա՝ առնվազն նման ցանկություն ունեցող այլ գլոբալ ուժեր: Հակադիր նպատակներ ունեցող այս ուժերից ո՞ր մեկը կկարողանա իրենն անել, դրանից էլ կախված՝ կունենանք «հիմնախնդրի բանակցված կարգավորում» կամ՝ «ռազմական գործողությունների վերսկսում»: Ընդ որում, չբացառենք նաեւ ոչ-ոքի արդյունքը, որի պարագայում ներկայիս իրավիճակը կպահպանվի:

 

ԲԱՅՑ ԿԱ՞ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳ

Այսպիսով, որ Կոզլարիչն ակնարկում է, որ բանակցային գործընթացի հետ առնչվող առանցքային ուժերն ունեն ռազմավարական խորը հակասություն, թերեւս՝ միանշանակ է: Իհարկե, այդ միտքը տարօրինակ է հնչում թեկուզեւ այն տեսանկյունից, որ գործընթացն առաջ տանող Մինսկի խմբի համանախագահների մոտ այդ հակասությունը տեսանելի չէ: Ավելին, սա կարծես թե այն միակ օրինակն է, որտեղ ՌԴ-ն, ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն՝ ի դեմս՝ Ֆրանսիայի, գոնե հրապարակային հարթակում խոսում են նույն բանի մասին, թե՝ հակամարտությունը պետք է կարգավորել երեք հայտնի սկզբունքների՝ ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման հիման վրա: Ընդ որում, երրորդ սկզբունքի ուղղությամբ ուշադրությունը առանձնահատուկ է: Նախ՝ համանախագահող երկրներից առնվազն անցած տարվա ընթացքում քանիցս հայտարարություններ եղան, որ ոչ մի դեպքում նոր մասշտաբային պատերազմ թույլ չեն տա: Այդ նպատակով, եղան սահմանային վերահսկողության մեխանիզմների ներդրմանը միտված Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի որոշումները: Վերջապես, ՄԽ-ի վերջին տարածաշրջանային այցի ժամանակ, ինչպես հայտնի է, խոսվեց, որ այս փուլում ՄԽ-ն հիմնականում կենտրոնացած է այդ որոշումների պրակտիկ կիրառման ուղղությամբ: Բայց հենց այստեղ է, որ բախվում ենք մեկ էական հակասության: Այսպիսով, ՄԽ-ում համանախագահող երեք գլոբալ ուժերը, ավելին՝ համաշխարհային մասշտաբի մյուս կառույցներն ու պետությունները, այդ թվում՝ ՆԱՏՕ-ն, ՀԱՊԿ-ը հայտարարում են, որ պետք է բացառել պատերազմը: Ավելին, լուրջ ճնշումներ են գործադրում, որ բացառվեն անգամ սահմանային բախումները՝ դրանք վերահսկող մեխանիզմների կիրառման միջոցով: Նման գլոբալ պահանջի պարագայում կարո՞ղ է Ադրբեջանը կամ Հայաստանը հանդգնել՝ պատերազմ սկսել. դա բացառվում է: Եվ այստեղ է, որ մեկ էական հարց է առաջ գալիս. այդ ինչի՞ց ելնելով է ԱՄՆ Ազգային հետախուզությունը կամ ամերիկյան այն մյուս աղբյուրները ենթադրում, որ պատերազմի վտանգը ռեալ է: Եթե կա նման վտանգ, ապա նշանակում է, որ ամերիկյան հիշատակված աղբյուրները կա՛մ՝ անբավարար են համարում ՄԽ համանախագահ երկրների հնարավորությունները, ուժը եւ միջազգային հեղինակությունը: Չէ, սա զառանցանք կլիներ: Կա՛մ մյուս տարբերակն է, որ առկա է պատերազմ ցանկացող այլ ուժ, որն ավելի ազդեցիկ է, քան համանախագահ երկրները միասին վերցրած: Չէ, սա էլ բանի նման չէր:

Թուրքիայի ներկայիս իշխանությունները կհետեւե՞ն նախկին նախագահի օրինակին

Կարճ ասած, չկա այն ուժը, որը կարողանար հակազդեր ՄԽ համանախագահների միասնական տեսակետին: Եվ երբ այս պարագայում ամերիկացիները խոսում են պատերազմի ռեալ ռիսկից, ապա կա՛մ մնում է կասկածել համանախագահների միասնական տեսակետի առկայությանը ¥միգուցե եղել է, բայց արդեն չկա¤, կա՛մ էլ, որ այդ ռիսկի մասին խոսակցությունները ինչ-որ խաղի քարոզչական բաղադրիչներից են:

 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՉԿԱՆ

Վերջին երկու տարբերակներից ո՞րն է հավանական: Եթե առաջինը, ապա կստացվի, որ պատերազմի մասին խոսող ամերիկացիների համար այն դարձել է ձեռնտու: Այստեղ նախ հիշենք, որ նույն Քարնեգի կենտրոնը դեռ ամիսներ առաջ էր հավաստիացնում, որ հարավկովկասյան տարածաշրջանի ուղղությամբ Թրամփի վարչակազմը որոշակի ծրագրեր եւ ռազմավարություն չունի: Ասել, թե այս հարցում բան է փոխվել, թերեւս տեղին չէր լինի. Վաշինգտոնի համար այնքան շատ ավելի առանցքային ուղղություններ կան, որ հազիվ թե Հարավային Կովկասի հերթը հասած լինի, այն էլ՝ պատերազմ հրահրելու ծրագրերով: Բայց մյուս կողմից էլ, ղարաբաղյան նոր պատերազմը Վաշինգտոնի համար ցանկալի կլիներ այլ տեսանկյունից: Նախ, ԱՄՆ-ն գնում է Մերձավոր Արեւելքի  իրավիճակի սրման ուղղությամբ, եւ եթե Մոսկվան ղարաբաղյան նոր պատերազմով մի փոքր կաշկանդվի, դա միայն Վաշինգտոնի օգտին կլինի: Առավել եւս, որ դա կկաշկանդեր նաեւ ԱՄՆ-ի համար մեծ գլխացավանք դարձած Թուրքիային: Ու շատ ավելի փայլուն, եթե Ղարաբաղի շուրջ սրվեն Մոսկվայի եւ Թեհրանի հարաբերությունները Թուրքիայի հետ: Այլ հարց է, թե այդ ամենին հասնելու հնարավորություն կա՞: Նախորդ քառօրյա պատերազմին եւս Ադրբեջանը գնաց Վաշինգտոնի առնվազն լուռ համաձայնությունից քաջալերված: Բայց ահա չորս օր կռվելուց հետո՝ Բաքուն ստիպված էր վազել Մոսկվա՝ հայերի պատասխան հարվածը կանգնեցնելու խնդրանքով: Նոր պատերազմի դեպքում դա արդեն հազիվ թե աշխատի: Դրանից զատ, այն ժամանակ ազերիների հետ էր թուրքական «սպեցնազը», սակայն հիմա Թուրքիան ինքն է պատերազմում եւ հազիվ թե բարոյականից զատ, «փոքր եղբորն» այլ օգնություն կարողանա տրամադրել: Այսինքն, ինչքան էլ ցանկալի լինի, սակայն ամերիկյան հետախուզությանը հազիվ թե հաջողվի իրականացած տեսնել նոր պատերազմի մասին կանխատեսումները: Սակայն մեկ այլ վտանգ պահպանվում է: Եթե ՄԽ-ում ռուսների եւ ամերիկացիների ցանկություններն իրականում են նորից դարձել հակասական, ապա դա նշանակում է, որ սպասվող բանակցային ակտիվացումից սպասելիքներ չեն լինի: Չնայած, առանց այդ էլ արտառոց սպասելիքներ չկային:

ԱՐՑԱԽԻ ՇՈՒՐՋ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԻՍՏ ՄՏԱՀՈԳԻՉ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА