ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊՈՒՏԻՆԸ ԶՐՈՅԱՑՐԵՑ ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲԱԽՄԱՆ ԱՃՈՂ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

02.03.2018 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՊՈՒՏԻՆԸ ԶՐՈՅԱՑՐԵՑ ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲԱԽՄԱՆ ԱՃՈՂ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Սիրիայում հիմնականում պահպանվում է վերջերս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) որոշմամբ հաստատված մեկամսյա զինադադարը: Սակայն, ինչպես առիթ էինք ունեցել ենթադրել, զինադադարը մայրաքաղաք Դամասկոսի արվարձանային Արեւելյան Գուտայում չի գործում: Չնայած նրան, որ ԱԽ-ի որոշման ընդունմանը զուգահեռ, Վաշինգտոնը տարբեր քայլերի դիմեց՝ Արեւելյան Գուտայում եւս սիրիական բանակին, այսինքն, խոշոր հաշվով, Մոսկվային հրադադար պարտադրելու համար:

«ԱՄՆ-ը դադարեցրել է Սիրիայի զարգացման համար անհարկի ամենամյա վճարումներ իրականացնել»․ Թրամփ

 

ԶԻՆԱԴԱԴԱՐԸ ՉՀԱՍԱՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՒՏԱ

Այսպես, այս վերջին օրերին սիրիական բանակը շարունակում է ակտիվ հարձակողական մարտերն Արեւելյան Գուտայում: Այս տարածաշրջանը տարիներ շարունակ մի քանի գրոհային կառույցների եւ հիմնականում՝ «Ալ Քայիդայի» սիրիական մասնաճյուղ «Ջեբհաթ ան-Նուսրայի» ձեռքին է: Այսինքն, գրեթե ողջ տարածքն այս տարիներին վերածվել է համատարած պաշտպանական բնագծի: Բացի այդ, այն խիտ բնակեցված է (համենայնդեպս՝ պատերազմից առաջ), այսինքն, տարածքը գրեթե համատարած կառուցապատված է՝ այստեղ հիմնականում մեկը մյուսին հաջորդող բնակավայրեր են, ինչն էապես հեշտացնում է պաշտպանվողների եւ դժվարացնում՝ հարձակվողների գործը: Տարածքում դեռ մեծ թվով բնակչություն կա, որին գրոհայինները հաճախ են օգտագործում «կենդանի վահանի» դերում: Այսինքն, հարձակվողները նաեւ էական սահմանափակումներ ունեն ծանր տեխնիկայի եւ ավիացիայի կիրառման հարցում: Բայց նաեւ՝ սիրիական բանակն Արեւելյան Գուտայում լուրջ ուժեր է կենտրոնացրել: Մասնավորապես, այստեղ է «Վագրերի ուժ» հատուկ նշանակության խմբավորումը, որը առաջնային դեր է ունեցել սիրիական բանակի գրեթե բոլոր խոշոր հաջողություններում:  Մի խոսքով, Արեւելյան Գուտայում սպասելի էր կատաղի դիմադրություն, բայց նաեւ, որ այն սիրիական բանակի համար, մեղմ ասած, անլուծելի խնդիր չէ: Եվ ահա վերջին օրերին սիրիական հարվածային ուժերին հաջողվեց երկու առանցքային ուղղություններում՝ Արեւելյան Գուտայի արեւելքից եւ արեւմուտքից ճեղքել գրոհայինների առաջնային բնագծերը եւ, շարժվելով իրար ընդառաջ, մի քանի կիլոմետր խորանալ տարածքում: Տեսանելի է, որ գործում է ավելի շատ ռուսական ռազմական արվեստին յուրահատուկ ռազմավարությունը, որը քանիցս կիրառվել է սիրիական այլ հատվածներում. հանդիպակաց հարվածներով շրջապատված գոտին բաժանվում է մասերի եւ առանձին-առանձին ոչնչացվում: Եվ այս նախնական հաջողությունները հուշում են, որ այս դեպքում եւս հարձակման հաջող ելքը գործնականում կանխորոշված է:

 

ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱԽՄԱՆ ՓԱՍՏԵՐՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ԿԱՆ

Արեւելյան Գուտայի այս օպերացիան ուշագրավ է ոչ միայն ռազմական տեսանկյունից. այն նաեւ լուրջ աշխարհաքաղաքական հետեւանքներ է խոստանում, ինչպես որ եղավ հիշատակված Հալեպի ազատագրման պարագայում: Արեւելյան Գուտայի ազատագրումը հետեւյալ նշանակությունը կունենա. այն գործնականում ավարտական փուլ կմտցնի Սիրիայով մեկ տարածված նման համեմատաբար փոքր եւ անկլավային վիճակում մնացած՝ գրոհայինների վերահսկողության տակ գտնվող տարածքները պետական վերահսկողության տակ վերադարձնելու գործընթացը: Այսինքն, դրանից հետո Դամասկոսը եւ Մոսկվան զուտ ռազմական առումով կկենտրոնանան սիրիական այն տարածքների ուղղությամբ, որոնք, թեեւ գտնվում են համեմատաբար խոշոր ուժերի, ասենք՝ քրդերի կամ, այսպես կոչված, «Սիրիական ազատ բանակի» ձեռքին, սակայն նման կառույցներն բացահայտորեն գտնվում են աշխարհաքաղաքական հիմնական ուժերի, հիշատակված օրինակներում՝ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի ազդեցության տակ: Այսինքն, Արեւելյան Գուտայից եւ մի քանի ավելի «համեստ» նման տարածքներից հետո, սիրիական պատերազմը տեղափոխվելու է այդ երկրում գործող հիմնական գլոբալ ուժերի ուղղակի բախումների մեծ հավանականության հարթություն: Եվ այդ վտանգը միանգամայն ռեալ է, քանի որ նման բախումների հետքեր արդեն իսկ նկատվում են: Օրինակ՝ Դեր-Զորում ամերիկյան ավիացիայի հարձակման տակ մնաց ռուսական մասնավոր ռազմական կառույցի մարտիկները: Դրա դիմաց, արդեն Արեւելյան Գուտայում, ինչպես շարունակում են նորանոր տեղեկություններ ի հայտ գալ, ռուսական ավիացիայի հարվածի տակ մնացին ամերիկյան հայտնի «Greystone» եւ «Academi» մասնավոր ռազմական կառույցները, որոնք, ի դեպ, սերտ համագործակցության մեջ են Պենտագոնի եւ Պետդեպարտամենտի հետ: Ավելին, նույն տարաբնույթ աղբյուրները պնդում են, որ այդ կառույցները գրոհի են ենթարկվել Սու-57 նորագույն ինքնաթիռների կողմից, նաեւ, որ կիրառվել են մեծ հզորության վակուումային ավիառումբեր: Եվ եթե այս բոլոր տեղեկությունները վերջնականապես հաստատվեն (իսկ դա քիչ կասկածելի է), ապա կստանանք հետեւյալ փաստը՝ ռուս-ամերիկյան ուղղակի բախումներ արդեն իսկ կան: Ընդ որում, քիչ բան է փոխում այն, որ հարվածների տակ են հայտնվել ոչ թե զինված ուժերի, այլ՝ մասնավոր ռազմական կառույցների ներկայացուցիչները: Դրա տակ առկա իրողությունը սա է. Դեր-Զորում ամերիկյան բանակը ցույց տվեց, որ պատրաստ է հարվածներ հասցնել այն հատվածներին, որտեղ ՌԴ քաղաքացիներ կան (նրանք մասնավոր ռազմական կառույց են ներկայացնում, թե՝ ոչ, հարցի մյուս կողմն է): Արեւելյան Գուտայում էլ ռուսական բանակը արձագանքեց, որ ընդունում է առաջադրված էապես ավելի սուր նոր խաղի պայմանները, այսինքն՝ իր հերթին է պատրաստ ծանր հարված հասցնել այն հատվածներին, որտեղ ամերիկացիներն են: Եվ այս ամենին զուգահեռ, օրերս ուշադրությունից դուրս մնացած մեկ այլ հանգամանք եւս նկատվեց: Մի կարճ ժամանակով շրջանառության մեջ հայտնվեց տեսագրություն, որտեղ նույն Դեր-Զորի հատվածում սիրիական ՀՕՊ համակարգը հրթիռ էր արձակում: Հնչում էր հարցական երանգ տրված մեկնաբանություն, որ հրթիռն ուղղված էր ամերիկյան ինքնաթիռին: Սակայն այդ հարցականը արհեստական տեսք ուներ, նկատի առնելով, որ Դեր-Զորում սիրիական ՀՕՊ-ը հազիվ թե ուսումնական նպատակով հրթիռ արձակեր, ինչպես նաեւ, որ այդ հատվածում ոչ յուրային է միայն ամերիկյան կոալիցիայի ավիացիան: Այսպիսով, ունենք այս իրավիճակը. ամերիկացիներն ու ռուսները ոչ միայն պատրաստ են փոխադարձ հարվածներ հասցնել միմյանց «ռազմականացված քաղաքացիներին», այլ նաեւ՝ բանը հասնում է ավիացիայի դեմ հրթիռների կիրառմանը (ասել, թե սիրիական ՀՕՊ-ն առանց «դաբրոների» կարող է հրթիռ արձակել, միամտություն կլինի: Չմոռանանք նաեւ նույն սիրիական ՀՕՊ-ի կողմից իսրայելյան ինքնաթիռի ոչնչացման մասին): Եվ ահա այս իրավիճակում ինչի՞ կվերածվի այս նախնական մանր-մունր հարվածները, եթե սիրիական բանակը կենտրոնանա ամերիկյան ղեկավարման տակ գտնվող քրդերի վերահսկած՝ Եփրատ գետից արեւելք ընկած սիրիական տարածքները պետական վերահսկողության տակ վերադարձնելու ուղղությամբ: Երբ հիմնական խաղացողները ցույց տվեցին, որ պատրաստ են, այսպես ասենք, միմյանց հետ անուղղակի բախման, ապա դրանից մինչեւ ուղղակի բախում՝ կես քայլ է:

Սիրիայում գնդակոծության հետևանքով զինծառայող է զոհվել

 

ԻՍԿ ՌՈՒՍԱԿԱՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՀՐԹԻՌՆԵՐԸ ՓՈԽՈՒՄ ԵՆ ՈՂՋ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Ընդ որում այն, որ սիրիական բանակը կկենտրոնանա քրդական այդ տարածքների դեմ, ակնարկում էր նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից օրերս արված հայտարարությունը. «Սիրիայի արեւելյան շրջաններում ԱՄՆ-ն իրականացնում է, ինչպես համոզված եմ, քվազիպետության ստեղծման սցենար, Սիրիայի մասնատման սցենար»:

Այն, որ ՄԱԿ-ի անդամ Սիրիայի տարածքում քրդական քվազիպետության ստեղծումը միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում կլիներ, թերեւս, հենց դա էր Լավրովի հայտարարության իմաստը: Նաեւ նկատի առնելով, որ այս դեպքում ինքնորոշման սկզբունքը չկա, քանի որ սիրիական քրդերը նման որոշում կամ հանրաքվե, ինչպես Իրաքում, չեն արել, ընդհակառակը, քանիցս հայտարարել են, թե չեն պատրաստվում դուրս գալ Սիրիայի կազմից: Իսկ ապօրինաբար երկրի մասնատման փորձի պարագայում, արդեն որերորդ տարին է՝ պետությունը պահելու համար կռվող Դամասկոսն ու սիրիական բանակը միանշանակ միջամտելու են: Եվ Լավրովի հայտարարությունը նաեւ քրդերին հարվածելու հարցում միջազգային իրավական հիմք ապահովելու իմաստ է ստանում: Չնայած, մինչ հերթը քրդերին կհասնի, երեկ հայտնի դարձավ նաեւ, որ Հորդանանին սահմանակից սիրիական մեկ այլ հատվածում, որը նույնպես Վաշինգտոնի վերահսկողության տակ է, տեղակայված ռազմակայանը համալրվել է եւս 600 ամերիկյան զինվորականով: Ընդ որում, այդ գոտին սահմանակից է բացառապես Դամասկոսի վերահսկած տարածքներին, այստեղ չկա եւ ոչ մի ահաբեկչական խմբավորում, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն իր ուժերն ամենեւին էլ ահաբեկչության դեմ պայքարի նպատակով չէ, որ մեծացնում է: Բացի այդ, եթե համեմատաբար փոքր այս հատվածներն են համալրվում, ապա դա նախ ակնարկում է, որ քրդական տարածքների համալրման ուղղությամբ եւս Վաշինգտոնում հաշվարկներ կլինեն: Եվ ապա, որ եթե կա ուժերի համալրում, ապա այդ հատվածները զիջելու միտք անգամ չունեն:

Արդյունքում, մի կողմից՝ ռուս-ամերիկյան ուղղակի բախումների հեռանկարն է գնալով միայն թափ հավաքում, մյուս կողմից՝ նման բախումների համար հիմք հանդիսացող գործոններն են աչքի առաջ խորանում: Կարճ ասած, վտանգը շատ մեծ է ու շարունակում է մեծանալ: Ընդ որում, խնդիրը միայն Սիրիան չէ: Սերգեյ Լավրովն օրերս հանդես եկավ նաեւ նման հայտարարությամբ. «Բոլորին պետք է հասկանալի լինի‚ որ այսպիսով ԱՄՆ-ի զինվորականները Եվրոպայի երկրների զինված ուժերին պատրաստում են տակտիկական միջուկային զենքի օգտագործման՝ ընդդեմ Ռուսաստանի»: Եվ եթե դիվանագետներն են սկսել խոսել տակտիկական միջուկային զենքի օգտագործման հավանականությունից, ուրեմն վիճակն իրոք շատ լուրջ է:

Սիրիային նվիրված ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի գագաթաժողովը կկայանա Թեհրանում

Չնայած, շատ ավելի հավանական է, որ այս նախնական ռազմական բախումները միայն ուժի եւ վճռականության ցուցադրման նպատակով են, թե ով առաջինը կվախենա եւ ետ կքաշվի: Եվ այս հարցում իրավիճակը միանգամից փոխեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ֆեդերալ ժողովում երեկվա ուղերձով: Ավելի կոնկրետ, այն հայտարարությամբ, որ նախ՝ ՌԴ ավարտում է նորագույն «Սարմատ» հրթիռների փորձարկումներն ու այն շուտով կանցնի սպառազինության: Ապա, որ արդեն իսկ գործում է նորագույն միջուկային էներգետիկ համակարգ, որը թեւավոր հրթիռներին տալիս է հիպերձայնային արագություն, գերմանյովրականություն եւ թռիչքի գործնականում անսահմանափակ հեռավորություն: Վերջապես, որ մշակված է նաեւ նույն սկզբունքով գործող կառավարվող անօդաչու ստորջրյա ապարատ, որը զինված է միջուկային զենքով, կարող են գործել հսկայական խորություններում եւ շարժվել անգամ վերջրյա լողամիջոցներին էապես գերազանցող արագությամբ: Եվ այդպես շարունակ, եւս մի քանի նմանը չունեցող զինատեսակ, մթնոլորտի խիտ շերտերում ձայնից 20 անգամ արագ շարժվող, ապա՝ լազերային եւ այլ զենքեր, որոնցից մի քանիսը ֆանտաստիկայի ժանրից են թվում: Սրանք աշխարհում անալոգը չունեցող այն զինատեսակներն են, որոնք ոչ միայն գործնականում անխոցելի լինելով, զրոյականացնում են ամերիկյան ողջ գերթանկարժեք գլոբալ հակահրթիռային պաշտպանության համակարգը, այլ նաեւ՝ ի զորու են հիմքից փոխել արդի աշխարհաքաղաքականության ողջ պատկերը, էլ ուր մնաց դրա մասնավոր դրվագը՝ Սիրիան:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА