ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Տեսնո՞ւմ եք` ինչ լավ է». ՀՀ վարչապետ

06.03.2018 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Տեսնո՞ւմ եք`  ինչ լավ է». ՀՀ վարչապետ

Երեւան-Գյումրի-Երեւան երթուղում մարտի 4-ից աշխատում է ЭП2Д տիպի նոր էլեկտրագնացքը, որը գնվել է վերջերս ,Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից ռուսական «Տրանսմաշխոլդինգ» արտադրող ընկերությունից: Նոր էլեկտրագնացքի առաջին ուղեւորների թվում էր ՀՀ վարչապետ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն ՍԵՐԳԵՅ ՎԱԼԿՈՆ, ինչպես նաեւ նախարարներ ու լրագրողներ: Եվ թեպետ այս օրերին քաղաքական կանխատեսումների դաշտում հաճախ են լուրեր շրջանառվում, թե վարչապետ Կ. Կարապետյանի «գնացքը վաղուց է գնացել», բայց հակառակ այդ խոսակցությունների` նա կայարանում էր ճիշտ ժամանակին:

Սա սյունեցիների գլխին նորից Լիսկա կարգել է նշանակո՞ւմ․ Վահան Բադասյան

Իսկ հարմարավետ երկվագոնանի գնացքում շփվեցինք ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ. «Առաջին պիլոտային ծրագրով Երեւան-Գյումրի երթուղին եղավ փետրվարի 27-ին, այսօր մենք շարունակում ենք օգտվել այս գնացքից: Տեւողությունը լինելու է` 1 ժամ, 59 րոպե, միջին արագությունը` 77 կմ/ժ, բայց տեղեր կան, որտեղ արագությունը հասնում է մինչեւ 100 կմ/ժ-ի»: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենն էլ նշեց, որ այսօրվա դրությամբ` նոր էլեկտրագնացքը միակ նմուշն է ու առաջին նախագիծը, որն իրականացվում է «Տրանսմաշխոլդինգ» ընկերության հետ. «ЭП2Д տիպի նոր էլեկտրագնացքն ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային, անվտանգության համակարգեր: Յուրաքանչյուր վագոնում տեղադրված էկրաններին երեւում է երթուղու մասին ընթացիկ տեղեկատվությունը: Գնացքում գործում է անվճար Wi-Fi կապ: Ինքներդ էլ տեսնում եք, որ սա հարմարավետության բոլորովին այլ մակարդակ է` ե՛ւ բիզնեսով զբաղվողների, ե՛ւ տուրիստների, ե՛ւ ընդհանրապես՝ քաղաքացիների համար»:

Ս. Վալկոն նաեւ տեղեկացրեց, որ նոր էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով` առանց բաժանիչ կանգառների, օրը 2 անգամ՝ ժամը` 10:00-ին մեկնելով Երեւանից Գյումրի եւ 16:55-ին` վերադառնալով մայրաքաղաք:

Որևէ խնդիր չեմ տեսնում. ԱԳ նախարարի պաշտոնակատարը՝ ՀԱՊԿ ԽՎ-ն Երևանից Մոսկվա տեղափոխելու մասին

«Դուք այս հարցում պիոներներ եք»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ ռուսական «Տրանսմաշխոլդինգ» արտադրող ընկերության գլխավոր տնօրեն ՎԼԱԴԻՄԻՐ ՄԱՅԻՍԵԵՎԸ, ապա մանրամասնեց. «Ռուսաստանում այսպիսի գնացք չի գործարկվել, առաջին այսպիսի գնացքը մենք գործի ենք դնում Երեւանում»:

Արտադրողը հպարտությամբ ընդգծեց, որ գնացքը հարմարեցված է նաեւ հենաշարժողական խնդիրներ ունեցող ուղեւորների համար, ընդ որում` ոչ միայն վագոն բարձրանալ-իջնելու առումով. «Գնացքում սանհանգույցներից մեկը նախատեսված է հենաշարժողական խնդիրներ ունեցող ուղեւորների համար»:

Դեռ Գյումրի չհասած` լրագրողներիս վագոն եկավ նաեւ ՀՀ վարչապետը, որը թեպետ ճեպազրույցի ցանկություն չուներ, բայց իր գոհունակությունը հայտնեց նոր էլեկտրագնացքի ու երթուղու մասին: Հետո էլ հավելեց «Տեսնո՞ւմ եք` ինչ լավ է: Էս վագոնն ավելի լավն է, շատ ավելի ուրախ է»:

Հենց այս ուրախ տրամադրությամբ էլ, նշված ժամանակում` ուղիղ 1 ժամ 59 րոպե անց, հասանք Գյումրի: Ինչ խոսք, երկրորդ այսպիսի էլեկտրագնացք ունենալը ամենեւին չէր խանգարի, որի մասին էլ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենը վստահեցրեց. «Նախատեսում ենք: Այդ ուղղությամբ «Տրանսմաշխոլդինգի» հետ բանակցություններ են ընթանում»:

Ի դեպ, մարտի 8-ին, 9-ին, 10-ին ու 11-ին գնացքն աշխատելու է անվճար: Դրանից հետո մեկ տոմսի գինը մեկ ուղղությամբ կկազմի 2500 հազար դրամ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА