o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եթե հայրենասիրություն չեղավ, ոչինչ չի լինելու». Ջերմուկի Համո

26.06.2018 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Եթե հայրենասիրություն չեղավ, ոչինչ չի լինելու». Ջերմուկի Համո

Երկրապահ կամավորական միությունում թեժ կիրակի էր: Հրավիրված վարչության նիստը տեւեց ավելի քան 3-4 ժամ: Կրքերը բորբոքվեցին, բանը հասավ նաեւ հայհոյանքների ու քաշքշուկի: Ազատամարտիկներից շատերը հիշել էին ներկաների ու բացակաների բոլոր մեղքերը, մյուսներն էլ փաստում էին, որ նախկինում ԵԿՄ գրասենյակում նման անկառավարելի իրավիճակ, ուղղակի, չէր կարող լինել: Ինչեւէ, ԵԿՄ-ականներն, այնուամենայնիվ, եկան ընդհանուր հայտարարի ու հանդես եկան հայտարարությամբ, որի համաձայն` խստիվ դատապարտեցին երկրում տեղի ունեցող ցանկացած անթույլատրելի արարք, կասեցրին ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները, ինչպես նաեւ որոշեցին ստեղծել նախաձեռնող խումբ, որպեսզի ողջամիտ ժամկետում կազմակերպվի վարչության նիստ` համագումար անցկացնելու համար: Այս մասին «Իրավունքը» զրուցեց Արցախի եւ ՀՀ Մարտական խաչերի ասպետ, գնդապետ ՄՈՒՇԵՂ ԲԱԲԱՅԱՆԻ հետ, որն առավել հայտնի է որպես Ջերմուկի Համո:

«Օրինագիծ, որը սպառնալիք է ժողովրդավարական ազատություններին»

Պարոն Բաբայան, բավականին լարված մթնոլորտ է ԵԿՄ-ում, ինչպե՞ս եք տեսնում լուծումը:

– Անկեղծ եմ ասում` Երկրապահը ազգի պահանջով է ստեղծվել, Արաքսի հունով մեկ արյուն ենք թափել, կան բազմաթիվ հերոս տղերք, փառք ու պատիվ զոհվածներին` մեր սպարապետի հետ միասին: Սա սպարապետի ստեղծած օջախն է, եւ մենք պարտավոր ենք սրբորեն պահել: Դե հիմա մեկի տունը հրդեհ է ընկնում, հարեւանը չի՞ գնում հանգցնելու, դրա համար էլ հավաքվել ենք բոլորս միասին, որ այդ ամենը կարգավորենք: Իսկ մնացածը կանոնադրությունով կշարժվենք` կնախապատրաստվենք համագումարի, կստեղծենք նոր վարչություն, կընտրենք նոր անդամներ:

Մի շարք ԵԿՄ-ականներ պնդում են, թե պետք է այլեւս չլինի միանձնյա կառավարում, այլ պետք է լինի կոլեգիալ ղեկավարություն: Ի՞նչ կասեք այս մասին:

– Միգուցե, համագումարն այդ իրավունքը տա: Ինչպես գիտեք, համագումարը բարձրագույն օրգանն է մեր, կարող է եւ անցնենք կոլեգիալ կառավարման, ես էլ եմ համամիտ:

Շարունակում են նաեւ կարծիքներ հնչել, թե պետք է կազմալուծել ԵԿՄ-ն...

– Ղալաթ է արել ասողը, չի՛ կարելի: Միշտ ասել եմ` մի հիմար քարը քցում է փոսը, մնացած խելոքներն ընկնում են կրակը: Եղել է, որ պատերազմի ժամանակ հրամանատարը զոհվել է, տեղում հրամանատարին փոխում են, հիմա այստեղ էլ այս իրավիճակն է, մարդիկ հավաքվել են վարչության անդամներով գնահատական են տալիս ու համագումարի պատրաստվում: Ամեն մարդ պատասխան է տալու իր արածի համար, լինի Պողոսը, Պետրոսը, գեներալը, թե մարշալը: Իսկ ինչ մնում է լուծարել ԵԿՄ-ն, սա կլինի 21-րդ դարի հայ ժողովրդի ամենավատ որոշումը: Պատերազմը դռներս է չոքել, էս կռված տղերքին ո՞ւր լուծարենք:

Ի դեպ, ԿԳՆ-ն էլ պատրաստվում է փակել 70 դպրոցներում գործող «Պատանի երկրապահ» ակումբները: Այս մասին հայտարարել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

– Էդ իրենք ավելի լավ բա՞ն են մտածել: Ռազմահայրենասիրական ոգին մեր երեխեքի մեջ պակասում է, ու պետք է այն լրացնել, ավելի կանոնակարգված դարձնել, ինչպե՞ս կարելի է «Պատանի երկրապահ» ակումբները փակել: Թուրքն իր թուլին օրորոցի միջից հասկացնում է, որ հայը մեր թշնամին է, մենք այսօր բռնում եսիմ ինչեր ենք մտածո՞ւմ: ԿԳ նախարարին ես չեմ ճանաչում, հեռուստացույցով եմ մի երկու անգամ տեսել, հարգալից եմ վերաբերվում իր որոշումներին, բայց պետք է դպրոցներում հայրենասիրական դասընթացները պարտադիր լինեն: Եթե հայրենասիրություն չեղավ, ոչինչ չի լինելու:

Լուրեր են շրջանառվում, թե ակտիվացել են Ռուբեն Գեւորգյանի «Երդվյալ ազատամարտիկների» միությունը, ավելին` հնարավոր է, որ որոշ ազատամարտիկներ ԵԿՄ-ն լքեն ու անդամակցեն այս միությանը: Ինչպե՞ս եք վերաբերվում այս երեւույթին:

– Էս օրերին գերեզմանում տատս էլ է ակտիվացել, բայց չի կարելի այդպես: Բա ո՞ւր է, որ ակտիվացել է: Գիտեմ, թե ինչ կառույց է, գիտեմ` ինքն ով է, փառք ու պատիվ իր եղբորը` լուսահոգի Սամվել Գեւորգյանին, կռված տղա էր, հրամանատար էր... Իսկ Ռուբեն Գեւորգյանը թող դեռ մտածի, ինքը մտածելու բան ունի, 62 հատ դրոշ կա մոտը, ինչքան գիտեմ... Ինչ վերաբերում է ԵԿՄ-ին, հո չքանդվեց, ո՞վ իրավունք ունի քանդի: Էս տղերքն են պատերազմ հաղթել, իրենք էլ պետք է վերջացնեն գործը` մեր մատաղ սերնդին չթողնելով: Թեկուզ մեռնելով էլ լինի` պետք է վերջացնենք էս ամեն ինչն ու նորմալ ապրենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА