o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՄԻ ՁԵՎՈՎ ՊԵՏՔ ԷՐ ԻՆՁ ԼՌԵՑՆԵԼ, ԵՎ ԿԱՊԵՑԻՆ ԶԻՆՎԱԾ ԽՄԲԻ ԳՈՐԾԻ ՀԵՏ»

27.06.2018 21:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՄԻ ՁԵՎՈՎ ՊԵՏՔ ԷՐ ԻՆՁ ԼՌԵՑՆԵԼ, ԵՎ ԿԱՊԵՑԻՆ ԶԻՆՎԱԾ ԽՄԲԻ ԳՈՐԾԻ ՀԵՏ»

«Իրավունքի» զրուցակիցն է Նորք-Մարաշի զինված խմբի գործով անցնող եւ պատգամավորական միջնորդագրերով շուրջ մեկ շաբաթ արդեն ազատության մեջ գտնվող «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ: Ազատության մեջ առաջին հարցազրույցը պարոն Մարգարյանը հենց մեր լրատվամիջոցին տվեց հետեւյալ պատճառաբանությամբ. «Տեսել եմ, որ անկախ ամենատարբեր հանգամանքներից, միշտ փորձել եք օբյեկտիվ ներկայացնել եղելությունը»: Նշենք, որ Գառնիկ Մարգարյանը, ինչպես եւ մնացած ամբաստանյալները, չեն ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Իսկ թե ինչու է նա անցնում այդ գործով, պարոն Մարգարյանը սկսեց հեռուներից.

​​​​​​​«Հայտնվել ենք պետության իրավական կարկասի կազմաքանդման մարտահրավերին դիմագրավեելու անհրաժեշտության առջեւ»

- Դեռեւս 1993 թվականին, լինելով Ներքին գործերի նախարարության առաջին վարչության պետ, ինքնակամ թողել եմ պաշտոնս միայն նրա համար, որ ՀՀՇ-ի հետ չէի կարող աշխատել, որովհետեւ քաջատեղյակ էի իրենց սեւ ու մութ պատմություններին: Դրանից անմիջապես հետո հիմնեցի «Հայրենիք եւ պատիվ» կուսակցությունը, իսկ 2014 թվականից սկսած՝ միաժամանակ Հակակոռուպցիոն խորհուրդ եմ ղեկավարել: Այդ կառույցը գլոբալ աշխատանքներ, բացահայտումներ է արել` փաստերով, բանկային հաշիվներով, անձերի վրա գրանցված դղյակների հասցեներով, օֆշորային գոտիներում գրանցված հաշվարկային համարներով, բանկերով եւ այլն: Գրել ենք բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների մասին փաստեր, ինչպիսիք են, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը եւ նման քսան չինովնիկներ: Այդ ընթացքում, անկեղծ ասած, սպասում էի, որ որեւէ մեկը համարձակություն կունենա ինձ դատի տալ, որպեսզի ես էլ բացեմ եւ հանրայնացնեմ ավելի մանրամասն տեղեկություններն իրենց թալանի եւ ավելի ծանր հանցագործությունների մասին: 2014 թվականին ես, որպես Հակակոռուպցիոն խորհրդի նախագահ, դիմել եմ երկրի ղեկավարությանը եւ տեղեկացրել մի դեպքի վերաբերյալ, որ դիմել է ինձ մի քաղաքացի, թե՝ ՊՆ բարձրաստիճան որոշ սպաներ ուժի, սպառնալքի տակ հափշտակել են 740 հազար դոլարի ապրաք` մեքենաներ, տեխնիկա: Իսկ իմ ձեռքի տակ եղած ներկա եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների թալանի մասին հիմնավորումները գրավոր ուղարկել էինք այն ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, նա էլ՝ Գեւորգ Կոստանյանին: Եվ միայն ամիսներ հետո դատախազությունից գալիս է պատասխան, որ վաղեմության ժամկետը անցել է: Բայց նման դեպքերում վաղեմության ժամկետ գոյություն չունի: Այս բոլոր մանրամասնությունների մասին տվել եմ բազմաթիվ հարցազրույցներ, որ այդ տարիներից սկսած՝ տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարներ էր դուրս՝ օֆշորային գոտի գնում եւ այլն: Ստեղծվել էր մի հսկայական կոռուպցիոն բուրգ, որն ամենաթողության էին մատնել արդարադատություն իրականացնող մարմինները: Հասկանալով, որ իմ դեմ օրենքի դաշտում որեւէ ձեւով որեւէ բան չեն կարող անել, բայց մի ձեւով պետք էր, այսպես ասած, լռեցնել, ինձ բերեցին, կապեցին զինված խումբ ստեղծելու եւ խմբի ղեկավարի հետ կապի մեջ լինելու գործի հետ:

- Բայց ինչպե՞ս:

- Հիմա ասեմ, թեպետ դեռ որեւէ տեղ չեմ խոսել այս մասին: Այո, Արթուր Վարդանյանի հետ հանդիպել եմ մի անգամ, երբ ինքը անձամբ ինձ զանգել էր եւ խնդրել, որպեսզի հանդիպենք: Արթուրի հետ հանդիպել ենք «Մոսկվա» կինոթատրոնի սրճարանում:

- Ինչի՞ շուրջ եք զրուցել:

- Ինձ հետաքրքրում էր Քեսաբը, հետաքրքրում էր Արցախի խնդիրը: Արթուրն ինձ ասաց, որ տղաներ է հավաքում, որ ունի գրանցված կազմակերպություն եւ կարիքը լինելու դեպքում արդյոք կարո՞ղ է ինձ վրա հույս դնել: Ես պատրաստակամություն եմ հայտնել եւ վստահեցրել, որ ցանկացած հարցում հնարավորություններիս չափով կաջակցեմ: Այս բոլորը, ինչպես հետագայում է պարզվում, ֆիքսել էր ԱԱԾ-ն եւ լրիվ այլ կոնտեքստով զեկուցում է խմբի մասին: Որից հետո հրաման է ստանում, որ մեկ ամիս հետո «փակեն» ինձ, որպեսզի այդ կերպ փակեն նաեւ իմ բացահայտումները: Եվ ինձ վրա դնում են այն նույն հոդվածները, ինչը որ դրված է խմբի վրա: Այնինչ՝ խումբը ոչ թե զինված հեղաշրջում էր ուզում իրականացնել, այլ ուզում էր թույլ չտալ, որպեսզի թշնամին աներ այն, ինչ եղավ 2016թ. ապրիլյան օրերին: Այսինքն, մենք ոչ թե կանխատեսում էինք, այլ ունեինք փաստեր, որ թշնամին պատրաստվում է լայնածավալ գործողությունների, իսկ դրան զուգահեռ՝ թալանվում է հայ ժողովուրդը: Ուզում եմ շեշտել, որ մեր այս գործը քաղաքական ենթատեքստ ունի: Ես այդ մասին իմ ցուցմունքներում էլ եմ նշել, որ ես քաղբանտարկյալ եմ, եւ հատկանշական է, որ մեղադրանքը հաստատող դատախազը որեւէ անգամ չի առարկել այդ մասին իմ գրածին եւ թողել է նույն ձեւով: Ինչը փաստում է, որ մեղադրանքը պաշտպանող կողմը եւս դա չի հերքում: Զինված խմբի գործով անցնող բոլորին պետք է բաց թողնեն, սա շինծու գործ է:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА