ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մի շարք ավիափոխադրողներ ժամանակավորապես չեղարկել են չվերթներն Իրաքի հարավ

15.07.2018 18:22 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մի շարք ավիափոխադրողներ ժամանակավորապես չեղարկել են չվերթներն Իրաքի հարավ

Royal Jordanian Airlines ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է ավիահաղորդակցությունը Իրաքի հարավում Էն-Նաջաֆ քաղաքի հետ, որտեղ արդեն մի քանի օր է, ինչ հակակառավարական ցույցեր են ընթանում: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Rudaw հեռուստաալիքին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ հորդանանական ավիափոխադրողը, որը շաբաթական չորս չվերթ է իրականացնում Իրաք, հայտարարել է Էն-Նաջաֆի միջազգային օդանավակայան թռիչքների դադարեցման մասին մինչև հետագա ծանուցումը՝ «անվտանգության ոլորտում իրավիճակի պատճառով»:  

Ավելի վաղ նույնպես անվտանգության նկատառումներով Էն-Նաջաֆ և Բասրա չվերթները չեղարկել է Kuwait Airways ավիաընկերությունը:

Բացի այդ մեկ շաբաթով Էն-Նաջաֆի միջազգային օդանավակայան թռիչքները չեղարկելու մասին հայտարարել է Fly Dubai ավիաընկերությունը: Էմիրաթական ավիափոխադրողը դադարեցնում է ավիահաղորդակցությունը Իրաքի հարավում գտնվող քաղաքի հետ մինչև հուլիսի 22-ը:

Թուրքիան ավելացրել է ԱՄՆ-ից ներկրվող մի շարք ապրանքների մաքսատուրքերը



Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ռեզա Ջաֆարզադեն հայտարարել է, որ Իրանից Էն-Նաջաֆ չվերթները կվերահասցեագրվեն Բաղդադի օդանավակայան:

«Էն-Նաջաֆի օդանավակայանում խնդիրների պատճառով իրանական ինքնաթիռներն իրենց ուղևորներին կփոխադրեն Բաղդադի օդանավակայան»,- ասել է նա:

Անցած ուրբաթ հարյուրավոր ցուցարարներ, ովքեր բողոքում են ցածր կենսամակարդակի և գործազրկության դեմ, ներխուժել են Էն-Նաջաֆի միջազգային օդանավակայանի շենք՝ արգելափակելով դրա աշխատանքը: Ավելի ուշ ժամանած ուժայիններն ազատել են օդանավակայանը: Առաջացած բախումներում մի քանի ցուցարար է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Այժմ Էն-Նաջաֆում կառավարության հրահանգով գործում է պարետային ժամ: Քաղաք են ուղղվել ոստիկանության և հատուկ նշանակության ուժերի լրացուցիչ ստորաբաժանումներ: Տեղեկությունների համաձայն՝ ցուցարարները փորձում են գրոհել պետական հաստատությունները, ոստիկանությունն ի պատասխան արցունքաբեր գազ և ջրցաններ է օգտագործում:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА