ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ոստիկանության կենտրոնական բաժնում տեղի ունեցած միջադեպով 1 անձի առաջադրվել է մեղադրանք

17.08.2018 20:20 ՔՐԵԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանության կենտրոնական բաժնում տեղի ունեցած միջադեպով 1 անձի առաջադրվել է մեղադրանք

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ միջոցառումներ՝ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի վարչական շենքում տեղի ունեցած դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ. մեկ անձի առաջադրվել է մեղադրանք: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. օգոստոսի 14-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սիմոն Վրացյան փողոցի թիվ 90 շենք հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի վարչական շենքում մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ բռնություն է գործադրվել ինչպես ոստիկանության աշխատակիցների, այնպես էլ՝ մի բնակչի նկատմամբ:

ՀՀ կենտրոնական բանկը և առևտրային բանկերն աշխատելու են սեպտեմբերի 21-ին և 22-ին

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ  2-րդ կետերով և ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ մի խումբ անձինք ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի վարչական շենքի մոտ են գնացել օգոստոսի 5-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, «Կոմայգի» կոչվող վայրում մի քաղաքացու հետ տեղի ունեցած վիճաբանության մասին բարձրաձայնելու համար: Հասնելով վարչական շենքի մոտ՝ աղմկել են, հայհոյանքներ հնչեցրել, ինչի կապակցությամբ բնակիչներից մեկը կոչ է արել դադարեցնել աղմուկը, որից հետո նրանցից երկուսը վիճաբանել են քաղաքացու հետ և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ մահակով հարվածելով նրան:

Պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած երկու անձինք բռնություն են գործադրել նաև ծեծկռտուքին միջամտած ոստիկանության աշխատակիցների նկատմամբ եւ վարչական շենքում շարունակելով հայհոյանքներ հնչեցնել՝ ոտքերով եւ ձեռքերով հարվածներ են հասցրել ոստիկանության երկու աշխատակցի մարմնի տարբեր մասերին, պատռել նրանցից մեկի համազգեստի շապիկը եւ ուսադիրը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Միջոցներ են ձեռնարկվում միջադեպին մասնակից մյուս անձին հայտնաբերելու, դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА