o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞Վ ԳԱՂՏՆԱԼՍԵՑ ԱԱԾ ԵՎ ՀՔԾ ՊԵՏԵՐԻՆ

14.09.2018 21:30 ԶԱՐԿԵՐԱԿ
Ո՞Վ ԳԱՂՏՆԱԼՍԵՑ ԱԱԾ ԵՎ ՀՔԾ ՊԵՏԵՐԻՆ

ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման ի հայտ գալուն պես՝ հիմնական հարցերից մեկը դարձավ, թե ո՞վ է իրականացրել եւ տարածել այն: Թեեւ ՀՔԾ եւ ԱԱԾ ղեկավարներն ակնարկեցին, թե դա կապված է մարտի 1-ի հետ, սակայն խուսափեցին ուղղակի մեղադրանքներ հնչեցնել: Կա նաեւ մյուս վարկածը, որ գաղտնալսմանն արտաքին ուժերի մատն է խառը: Իրականում ո՞ւմ էր ձեռնտու այդ խոսակցության գաղտնալսումը, արդյոք այստեղ դրսի ուժերի մատը խա՞ռն է, փորձեցինք պարզել վերլուծաբաններից:

Մարինկա Խաչատրյանը «Զգուշացեք, կանայք են» ֆիլմի պրեմիերային. ՖՈՏՈ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի ղեկավար, փաստաբան  ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ.

- Այն անձինք, ովքեր նման խոսակցություն են տարածում եւ շրջանառության մեջ դնում ՀՀ երկրորդ նախագահի անունը, թող բարի լինեն եւ ներկայացնեն փաստեր: Հակառակ դեպքում մենք կկարծենք, որ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերին իրենք են գաղտնալսել: Ինչ վերաբերում է այդ ձայնագրությունը տարածելու երեւույթին, ապա առաջիկայում մեր խումբը հանդես կգա միասնական հայտարարությամբ:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆ.

- Սա արդեն ծեծված թեմա է, այդ պատճառով էլ խոսելուց մի քիչ դիզկոմֆորտ եմ զգում, բայց ամեն դեպքում սա հակահեղափոխության ձեւ է: Սա, այսպես կոչված, հեղափոխության դիրքերը ստուգելու մի ձեւ է, որպեսզի հասկանան, թե արդյոք կդիմանա՞ այս հարվածին: Փաստորեն, պետք է նկատել, որ ձայնագրությունը հայտնվելով համացանցում, այն արձագանքը չունեցավ, ինչն ակնկալում էին: Քանի որ ձայնագրության մեջ երկու բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են իրար հետ եւ քննարկում որոշակի հարցեր: Կարծում եմ, եթե ես խոսեի այնտեղ նման թեմայով, հավանաբար հայհոյանքներ կլիներ: Մարդիկ նորմալ խոսում էին, սարսափելի որեւէ բան չկար, ինչ-որ առումով նույնիսկ մտահոգություններ կային այս եւ այն դրսեւորումների հետ կապված, հետեւաբար չունեցավ այն արձագանքը, ինչ սպասում էին: Չեմ բացառում, որ այստեղ կարող են ներգրավված լինեն նաեւ արտաքին որոշակի ուժեր, քանի որ ՀՀ երկրորդ նախագահը եւ իր շրջապատը միշտ դրսից «տղա» բերելու սկզբունքով են առաջնորդվում` այստեղ իրենց հարցերը լուծելու համար: Իհարկե, սա գեղեցիկ երեւույթ չէ:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ.

- Սովորաբար չինովնիկները բաց կապով չեն խոսում: Հայաստանում հիմնականում Վայբերով են խոսում: Եթե բաց կապով են խոսել, հավանականությունը շատ փոքր է, բայց կարող էր լինել, ապա դա սխալ որոշում է եղել: Այս դեպքում գաղտնալսումը, զուտ տեսականորեն, կարող էր արվել բջջային օպերատորի մակարդակով,  ԱԱԾ գաղտնալսման բաժնից ներքին դավաճանի կողմից, կամ այլընտրանքային անվտանգությունից: Եթե խոսակցությունը եղել է Վայբեր, Վոթցապ կամ նման մեսենջերով, ապա անմիջական գաղտնալսումը հնարավոր չէր: Ամենայն հավանականությամբ, հեռախոսի մեջ տեղադրվել է հատուկ լրտեսական ծրագիր: Նման ծրագրեր ու հնարավորություններ ունեն մի շարք երկրների հատուկ ծառայությունները: Օրինակ, ԱՄՆ, Ռուսաստան: Բացի դրանից, նման ծրագիր կարող էր գնվել սեւ շուկայում եւ սմարթֆոնի մեջ տեղադրվել մոտիկ մարդու կողմից, ում համար հեռախոսը ֆիզիկապես հասանելի է գոնե մի երկու րոպեով: Կարծում եմ` վերնախավի հեռախոսների պաշտպանության հարցը Հայաստանում գտնվում է անուշադրության կենտրոնում: Օրինակ, Նիկոլ Փաշինյանն իր հեռախոսով առնվազն Մոսկվա գնացել էր: Չեմ կարծում, որ իրեն հատուկ թրեյնինգ են արել, թե ինչպես վարվել հեռախոսի հետ: Մեծ հավանականություն կա, որ նույնիսկ նրա հեռախոսն է այդպես արվել, հուսանք, որ ես սխալ եմ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում իրականացրել է հարցում, պարզելու բնակչության կարծիքը՝ ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսողի ով լինելու մասին:

1. Հազիվ թե հայաստանյան որեւէ օլիգարխ ԱԱԾ պետին գաղտնալսել կարողանար՝ նույնիսկ որոշ տեխնիկական միջոցներ ունենալով: Սա այլ, շատ ավելի հզոր հատուկ ծառայությունների արածն է- 46%:

2. Սա Քոչարյանի կամ ինչ-որ օլիգարխի ձեռքի գործն է- 32%:

3. Նման ձայնագրություն կարող էր տարածել ԱԱԾ-ում աշխատող մարդը- 9%:

4. Դժվարանում են պատասխանել- 13%:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА