o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊԵ՞ՏՔ ԷՐ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԻՆ ԶՐԿԵԼ ՄԻ ԿՏՈՐ ՀԱՑԻՑ

11.01.2019 21:00 ԶԱՐԿԵՐԱԿ
ՊԵ՞ՏՔ ԷՐ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԻՆ ԶՐԿԵԼ ՄԻ ԿՏՈՐ ՀԱՑԻՑ

Դեռ տոներից առաջ Քաղաքապետարանը հայտարարեց, որ հունվարի 1-ից ավելի խիստ են լինելու փողոցային ապօրինի առեւտրի հանդեպ: Երեկ, շրջելով Երեւանում, նկատեցինք, որ փողոցային առեւտուր գործնականում չկա: Մասնավորապես, փողոցային առեւտրով ծանրաբեռնված Մաշտոցի պողոտան դատարկ էր: Նշենք, որ քաղաքապետարանը երեկ տեղեկացրեց, որ Երեւանի բոլոր վարչական շրջաններում շուկաներից շատերը որոշ ժամանակ առեւտրականներին տեղեր կհատկացեն անվճար, բայց թե ինչ են նրանք անելու այդ «որոշ ժամանակից» հետո, հարց է: Այսպիսով, պե՞տք էր հիմնականում տարեց թոշակառուներից բաղկացած փողոցային առեւտրականներին զրկել մի կտոր հաց վաստակելու հնարավորությունից: Հարցի հետ կապված դիմեցինք մի շարք հայտնի գործիչների:

ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆ. «Ես շատ վատ եմ վերաբերվում այս օրենքի կիրառությանը: Եթե մենք առեւտուրը դարձնում ենք միայն կազմակերպված, օրինական ձեւով, ապա այդ մթերքը առնվազն երրորդ ձեռքով է հասնելու մեզ եւ չի կարող գնաճ չնկատվել: Այս օրենքի կիրառությունը սուր սոցիալական հետեւանքներ է ունենալու այն թոշակառուների համար, ովքեր փողոցային առեւտրով էին զբաղվում եւ մի կերպ լուծում էին օրվա հացի խնդիրը»:

Երեւանի նախկին ավագանու ՀՀԿ-ական անդամ ՆԱԻՐԱ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ. «Երեւանը մեր մայրաքաղաքն է, պետք է մայրաքաղաքային տեսք ունենա, ուստի փողոցային առեւտուր չպետք է լինի, որովհետեւ շատ տհաճ երեւույթ է»:

Դերասան ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «Ես ողջունում եմ այս օրինագիծը, որովհետեւ Երեւանում փողոցային առեւտուր չպետք է լինի: Թող ինձ ների փողոցում կանաչի վաճառող տատիկը, բայց դա հակահիգիենիկ է, եւ մենք պետք է իմանանք, թե այդ կանաչին ինչ եղանակով է այդտեղ հայտնվել: Բայց մինչեւ օրենքը կիրառելը, այդ նույն տատիկի օրվա հացի խնդիրը պետք է լուծվի, որ նա օրհնի կառավարությանը, այլ ոչ թե՝ անիծի»:

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ ՄԱՐԻԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ. «Պաշտոնատար անձինք պետք է առաջնահերթ մտածեն, թե ինչպես լուծեն իրենց քաղաքացու օրվա հացի խնդիրը: Սխալ է առանց այդ խնդիրը լուծելու՝ այս օրենքի կիրառությունը: Պետք է մարդկանց աշխատանք տրամադրեն: Կյանքն է ստիպում քաղաքացուն՝ փողոցային առեւտրով զբաղվել: Թող պաշտոնատար անձինք իրենց հարց տան՝ արդյոք նրանք կարո՞ղ են օրական մի քանի հարյուր դրամ եկամուտով գոյատեւել: Ինչ վերաբերում է շուկա տեղափոխվելու խնդրին, թող սուպերմարկետները Երեւան քաղաքից հանեն կամ դրանք գործեն որոշակի ժամերի, որպեսզի շուկայում մարդիկ մի կտոր հացի գումար վաստակեն»:

Հոգեբան ՍԱՄՎԵԼ ԽՈՒԴՈՅԱՆ. «Փողոցային առեւտրից մարդիկ կոպեկներ էին աշխատում, եւ դա հեչ էլ իրենց երազած աշխատանքը չէր: Իհարկե փողոցային առեւտուրը տգեղ երեւույթ է, բայց պետք է մարդկանց օրվա հացի մասին մտածեն` հետո արգելեն: Չեմ կարծում, որ մարդիկ հեշտ կհանձնվեն: Եթե այսօր փողոց չեն դուրս եկել, ապա վաղը դուրս կգան»:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА