o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԳԼՈՒԽԳՈՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԵՐԿԻՐ «ՊԱՀԵԼՈՒ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

05.11.2019 21:50 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԳԼՈՒԽԳՈՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԵՐԿԻՐ «ՊԱՀԵԼՈՒ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Նախօրեին վարչապետ Փաշինյանը հայաստանյան տնտեսության ներկայիս վիճակի հետ կապված հերթական «ոգեւորիչ» ցուցանիշը ներկայացրեց: Ըստ այդմ, 2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշորագույն հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը կազմել է շուրջ 765 մլրդ դրամ, ինչը 13.5%-ով ավելին է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից:

Մինչև տարեվերջ Հայաստան կներկրվի 180-185 հազար ավտոմեքենա, բյուջե կվճարվի 250 միլիոն դոլար. Մելքումյան

 

Խոշոր հարկատուների հարկերի 13.5 տոկոսանոց աճն իրո՞ք նման ոգեւորիչ ցուցանիշ կարող է լինել: Իհարկե, ամեն մի աճ էլ, առավել եւս՝ երկնիշ, դրական երեւույթ է: Սակայն կոնկրետ դեպքում խնդիրն այլ երանգ էլ ունի. արդյոք դա՞ էր խոստանում Փաշինյանը՝ «հեղափոխության» օրերին, առավել եւս՝ «տնտեսական հեղափոխություն» խոստանալով: Այսինքն, այդ ցուցանիշը կարելի՞ է մի այնպիսի չլսած-չտեսնված մեծություն համարել, որը կակնարկեր Հայաստանի ապագա «տնտեսական թռիչքների» մասին: Իհարկե, այստեղ բացառիկ որեւէ բան չկա. նման ցուցանիշներ ժամանակին էլի են եղել: Սակայն կոնկրետ դեպքում, նաեւ կա հասկանալու խնդիր, թե ինչպես պետք է հասկանալ նման աճը: Ըստ պաշտոնական վիճակագրության, սեպտեմբերին հայաստանյան արդյունաբերությունն աճել է 9.7 տոկոսով, առեւտուրը՝ 8.8, ծառայությունների ոլորտը՝ 15.5: Իսկ ահա 1000 հարկատուների մեջ առյուծի բաժինը հենց այդ ոլորտների ներկայացուցիչներն են, որոնց վճարած հարկերը, տրամաբանորեն, պետք է որ ոլորտային աճի արդյունքում մոտավորապես նշված ծավալներով ավելանային: Այսինքն, ընդհանրացնելով, այդ 13.5 տոկոս հարկային աճի առնվազն 10-11 տոկոսը պետք է որ ավելանար ընդհանուր գործունեության ծավալների աճի հաշվին: Ու այս դեպքում առաջ է գալիս մեկ մեծ հարց՝ բա ո՞ւր մնաց ստվերի դեմ այդքան գովերգված պայքարը: Ինչ է, այդքան խոսում են ու հազիվ 1000 խոշոր հարկատուներից ստվերի հաշվին հազիվ 2-3 տոկոս հարկային ավելացո՞ւմ են ապահովել: Այն դեպքում, երբ հենց այդ 1000 խոշոր հարկատուների մոտ պետք է լիներ հիմնական ստվերը, որը, չմոռանանք, «նախահեղափոխական» ժամանակներում գնահատվում էր 40-50 տոկոսի կարգի: Եվ այդ իրավիճակում երկու տարի «անխոնջ պայքար» են մղում ու դրա հաշվին հազիվ 2-3 տոկոսով ավել փո՞ղ են բյուջե բերել: Կամ էլ, եթե իրականում ստվերից եկած մուտքերն անհամեմատ ավելի մեծ են, ապա դա կնշանակի, որ վիճակագրության ներկայացրած հիշատակված աճերն էին սովորական «բլեֆ»: Սակայն այստեղ խնդիրը միայն դա չէ: Այսպես, տարվա առաջին կիսամյակի կտրվածքով Փաշինյանը նման հայտարարություն էր արել. «2019-ի առաջին կիսամյակում հարկային եկամուտները արձանագրել են աննախադեպ՝ 25 տոկոսանոց աճ»: Դեռ այն ժամանակ էր առնվազն տարօրինակ պատկեր ֆիքսում նույն առաջին կիսամյակին վերաբերող ՊԵԿ-ի պաշտոնական տվյալները: Ըստ այդմ, տվյալ ժամանակահատվածում «Ընդամենը վճարված հարկային եկամուտներ եւ պետական տուրք» տեղով աճը կազմել էր 15.9 տոկոս, որը նույնպես վատ ցուցանիշ չէ, բայց նաեւ 25 տոկոսանոց աճ էլ չէ: Իսկ ահա «ՀՀ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտներ եւ պետական տուրք» տեղով աճը մոտ էր վարչապետի գովերգած 25 տոկոսին՝ 24.5: Սակայն սա այլ ցուցանիշ է, կարող է նման բան լինել, պարզապես այդ դեպքում միասնական հաշվի մնացորդն է դառնում բացասական մեծություն՝ հետագայում փակելու պայմանով: Ու եթե հիմա վարչապետն արդեն խոսում է խոշոր հարկատուների 13.5 տոկոս աճից, դա իր հերթին է ծանր հարված հասցնում իր իսկ կիսամյակային այդ 25 տոկոսանոց գլուխգովանությանը: Բայց փոխարենը, արդեն սեպտեմբերի կտրվածքով ՊԵԿ-ը ներկայացրել է հարկային աճի տեմպը, որը մի բան էլ բարձր է կիսամյակային ցուցանիշից՝ 16.3 տոկոս (ի դեպ, նշենք նաեւ, որ առաջին եռամսյակին աճն ընդամենը 8 տոկոս էր, եւ հետագայում տեմպերի կրկնապատկումը, իհարկե, իր պարզունակ բացատրությունն ունի: Սակայն այս պահին խոսքն այդ մասին չէ): Այսինքն, հենց այդ 16.3 տոկոսի պարագայում է, որ ունենք խոշոր հարկատուների հարկերի ընդամենը 13.5 տոկոս աճ: Այն դեպքում, երբ խոշոր հարկատուները, ըստ Փաշինյանի, սեպտեմբերի դրությամբ վճարել են 765 միլիարդ դրամ հարկեր՝ ընդհանուր մոտ 1.07 տրիլիոն դրամ մուտքերի համեմատ: Չխորանալով մաթեմատիկական հաշվարկների մեջ` ֆիքսենք միայն, որ եթե հարկերի մոտ 75 տոկոսը վճարողների աճի 13.5 տոկոս է, իսկ ընդհանուր հավաքագրումների աճը՝ 16.3 տոկոս, դա նշանակում է, որ փոքր հարկատուների մոտ աճը էապես ավելի մեծ չափերի է հասնում, աչքաչափով՝ մոտ 30 տոկոսի կարգի: Հուսանք, որ մեր պետությունը չի սկսի համոզել, թե հայաստանյան ողջ ստվերը ոչ թե օլիգարխիայի մոտ էր, այլ՝ մանր բիզնեսի: Ամեն դեպքում, փաստը սա է՝ մանր բիզնեսը հարկային թեթեւացման փոխարեն իսկական «քերթման» տակ է, այն դեպքում, երբ օլիգարխիան իրեն հարմարավետ է զգում: Պարզապես, մի քանի կոպեկ ավել են վճարում, այն էլ՝ հիմնականում եկամուտների ավելացման հաշվին, ու իրենց համար հանգիստ ապրում են: Իսկ ահա պետական հարկային ողջ գլուխգովանության համար մանրերն են սեփական «գլխով» հատուցում: Լավ, ասենք մի քանի ամիս էլ այսպես ձգեցին, տարին էլ ավարտեցին «հարկային գլուխգովանությամբ», բա հետո՞, ի՞նչ են գալիք տարի անելու, առավել եւս, որ ՊԵԿ նախագահ Անանյանը մի գլուխ ահազանգում է. «Հետհեղափոխական շրջանում ստվերից բերված հարկերի ծավալները հետագա տարիներին չենք կարող ապահովել: Շատ կարեւոր է, որ տնտեսությունն աճի: Մենք հիմքում դրել ենք, որ 2020 թվականին կունենանք 7 տրլն դրամի ՀՆԱ: Եթե դա մենք ունենանք, ապա կարծում եմ՝ կունենանք այն հարկային եկամուտները, որը կանխատեսել ենք»: Ընդ որում, իրական հարկերի տեսքով «կենդանի փող» ունենալու համար պետք է որ նույնքան «կենդանի» ՀՆԱ-ի աճ ունենանք եւ ոչ թե վիճակագրության կողմից հավեսով նկարված: Կունենա՞նք: Մի երկրում, որտեղ օտարերկրյա ներդրումները անշեղորեն մոտենում են 0-ի, կարո՞ղ է գոնե նախատեսված առավել քան համեստ 4.9 տոկոսանոց աճ լինել, այն էլ, երբ մինչեւ վերջին թելը քերթման ենթական մանր բիզնեսը գրեթե կորցնում է շնչել-արտաշնչելու ունակությունը: Կասկածելի է:

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԹՌԻՉՔԸ ՀԱՄԱՐԵԼ ԱՆՎԱՎԵՐ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА