ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ովքեր ծափահարում, պարում էին Նիկոլի շուրջ, այսօր «թքում են» նրա վրա. Բաբուխանյան (Տեսանյութ)

03.07.2020 22:48 Հրապարակումներ
Ովքեր ծափահարում, պարում էին Նիկոլի շուրջ, այսօր «թքում են» նրա վրա. Բաբուխանյան (Տեսանյութ)

Ներքաղաքական իրավիճակը գնալով լարվում է: Ո՞րն է լուծումը եւ ի՞նչ է առաջարկում ՍԻՄ կուսակցությունը, «Իրավունք TV»-ի հետ զրույցում պարզել ենք ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՑ:

–  Պարոն Բաբուխանյան, ըստ Ձեզ, կաշխատի՞ ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասած՝ «Կոնսենսուս -1»-ը, թե՞ ինչպես ԼՀԿ-ն է ասում՝ իրենք են այն միակ ուժը, որի շուրջ պետք է տեղի ունենա կոնսոլիդացիա՝ առողջ ուժերի հետ համատեղ:

– Նիկոլը պետք է րոպե առաջ հեռանա, բայց ո՞վ է գալու տեղը, սա շատ կարեւոր հարց է:  Մենք հիմա գտնվում ենք շատ ակտիվ կոնսուլտացիաների փուլում: Եթե Նիկոլին գալու է փոխարինի նույն հակազգային, հակաեկեղեցական, հակաարցախյան, հակառուսական կուրսը վարող ուժ, ապա էլ ի՞նչ տարբերություն:

– Ունե՞ք մտավախություն, որ կարող են, պարզապես, դեմքերը փոխվել, բայց իրավիճակը՝ ոչ:

– Այո, կարող են դեմքերը փոխվել, իսկ իրավիճակն էլ ավելի խճճվի ու ժողովուրդն էլ ավելի իր վստահությհունը կորցնի իշխանության հանդեպ: Դրա համար խնդիրը հետեւյալն է` պետք է ունենալ հստակ ծրագիր, հստակ գաղափարախոսություն, եւ այդ ծրագրով ու գաղափարախոսությամբ գալ ժողովրդին առաջարկելու իրենց ծառայությունները: Դրա համար կրկնում եմ` նախ եթե դու երկու տարի առաջ սխալվել ես, գոնե  ներողություն պետք է խնդրես քո արածների, էս ժողովրդին տանջելու, հուսախաբ անելու, ճշմարտությունը չասելու համար: Իսկ եթե երկյուղել ես, վախեցել ես ու քեզ այդպես ես դրսեւորել կամ ավելի վատ` պաշտոնամոլությունից ու հարմարավետությունից ելնելով ես այդպես արել, առավել եւս՝ այդ դեպքում պետք է պատասխան տաս: Քանի՞ անգամ կարելի է սխալվել, հետո ասել` ես սխալվեցի, ներողություն կամ նույնիսկ չասել:

Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք ունենք հստակ գաղափարախոսություն՝ այն ազգային գաղափարախոսությունն է, որի մասին մենք հազար անգամ ասել ենք արդեն 31 տարվա ընթացքում: Ո՛չ մի անգամ, ո՛չ մի տեղ չենք փոխել մեր պահպանողական գաղափարախոսությունը: Միշտ ասել ենք, որ մեր երկրի եւ մեր ազգի փրկությունն ամենասերտ, ամենաջերմ, ամենավստահելի հարաբերությունների ձեւավորումն է հատկապես Ռուսաստանի եւ առաջին հերթին՝ Ռուսաստանի հետ: Այսօր այդ կոմպլիմենտեր քաղաքականությունը չի աշխատում, ավելին՝ այն վտանգում է երկիրը: Առավել եւս այսօր չի աշխատում սորոսական գաղափարախոսությունը կամ գործելաոճը: Մեր ծրագիրը մենք ավելի մանրամասն, իհարկե, ներկայացրել ենք բոլոր մեր նախընտրական փաստաթղթերում: Հենց 2018 թվականին մեր ծրագիրը ներկյայացրել ենք բազմաթիվ մեր հրապարակումներում, որի առանցքում կա նաեւ մի կետ` իշխանության պետք է գան ոչ թե դեղնակտուց, անփորձ, շատ կասկածելի անցյալ կամ ընդհանրապես անցյալ չունեցող մարդիկ, այլ պետք է գան նրանք, ովքեր ապացուցել են իրենց նվիրավածությունն ազգին, որոնք կարողացել են իրենց գիտելիքներով, փորձով, ապրած կյանքով հարգանք վայելել ե՛ւ Հայաստանում, ե՛ւ երկրից դուրս այն քաղաքական գործընկերների հետ շփվելիս, ում հետ այսօր չեն կարողանում շփվել այս նորելուկները:

Հիմա ազգային դաշտում էլ բավականին ֆեյք խաղացողներն են ի հայտ եկել: Այս անգամ ժողովուրդն ինչպե՞ս է թացը չորից տարբերելու:

– ժողովուրդը պետք է գնա այն մարդկանց հետեւից, ովքեր իրենց չեն խաբել եւ անգամ ամենավտանգավոր պայմաններում ասել են ճշմարտությունը, չեն փորձել հարմարվել, անկայուն իրավիճակի պայմաններում մի բան փախցնել, մի բան դնել գրպանները կամ մի տեղ տեղավորվել, այլ ուղիղ ու շիտակ ասել են այն, ինչ-որ կա: Իհարկե, 2018 թվականի Նիկոլի գունավոր հեղաշրջման պայմաններում, ընդհանուր էյֆորիայի ժամանակ ՍԻՄ կուսակցության ասածը շատերին, այսպես ասած, ոչ հաճո էր, բայց մենք ասում էինք  ճշմարտությունը, եւ այսօր այդ ճշմարտությունն ապացուցվում է: Եվ նրանք, ովքեր ծափահարում էին, պարում էին Նիկոլի շուրջ, այսօր «թքում են» նրա վրա: Այ դրանց հարցը, մենք առանձին պետք է քննարկենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА